Գողություն Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնից. մեղադրյալները թատերականի ուսանողներ են

Ապրիլի 23-ին «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ից գողություն էր կատարվել:

ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ 3 անձ ձերբակալվել է այս գործով:

Մեր տեղեկություններով՝ ենթադյալ հանցագործներից մեկը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ուսանող է եղել, մյուս երկուսը՝ ներկայիս ուսանողներ:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Ամիրյան 26 հասցեում գտնվող «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի շենք, որտեղից հափշտակել են կիթառ՝ իր պատյանով, 2 համակարգիչ, ՊՈԱԿ-ին պատկանող հանգանակված գումար, տարբեր այլ իրեր ու դիմել փախուստի, երբ տեսել են, որ թատրոնի պարետն իրենց նկատել է։

Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ երեք երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-1 կետով (գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա)

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորում, ինչը բավարարվել է:

Մի քանի լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, որ ենթադրյալ հանցագործները գողացել են Արցախի համար հանգանակվող գումարը: Այս տեղեկատվությունը հերքել է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից, ով փոխանցել է մեզ, որ Արցախի համար հանգանակվող գումարը չի գողացվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել