Հայաստանում ժամանակն է ներդնել բիզնես օմբուդսմենի ինստիտուտը: Կարծում է ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը:
Նա ասում է, որ բիզնես օմբուդսմենի լիազորությունները առավել կոնկրետ են և թիրախային. «Մասնավորապես բիզնես օմբուդսմենի լիազորությունների մեջ է մտնելու փոքր և միջին բիզնեսի, ընդհանրապես գործարարի իրավունքների պաշտպանություն»:
Ներկայումս գործընթացը սկսվել է, նախատեսվում է բիզնես օմբուդսմենի ինստիտուտը հիմնել վարչապետին կից. «Բիզնես օմբուդսմենի խորհուրդը ձևավորելու են վարչապետին կից հինգ պետական մարմին, հինգ հասարակական կազմակերպություններ և երեք միջազգային կառույցներ: Ընտրությունը լինում է հետևյալ կերպ՝ հինգ պետական մարմինների ու 5 ՀԿ սեկտորի ներկայացուցիչները առաջ են քաշում իրենց թեկնածուներին, որից հետո տեղի է ունենում քվեարկություն, ամեն մի խումբ մի ձայնի իրավունք ունի, եթե երկու անգամ չի ստացվում ընտրությունը, բոլորն են քվեարկում»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա համոզված է՝ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում այս ինստիտուտը առավել արդյունավետ կգործի. «Ելնելով նաև նրանից, որ սահմանադրական փոփոխություններով վարչապետի ինստիտուտը ավելի է հզորանում, փորձից ելնելով՝ կոնկրետ խնդիրը, եթե հասցնում են դնել վարչապետի սեղանին, դրանք լուծում են ստանում»:
Համեմատելով բիզնես օմբուդսմենին ՄԻՊ-ի հետ, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ ՄԻՊ-ի զեկույցները որպես կանոն մնում են՝ ի գիտություն, մինչդեռ այս պարագայում հարցը պետք է լուծվի, քանի որ այն քննարկման առարկա է դառնում հենց գործադիրում:
Որպես բացասական կողմ կարող է դիտարկվել այն, որ բիզնես օմբուդսմենը ֆինանսավորվում է պետության կողմից ու դիտարկվում պետական պաշտոնյա. «Ես նույնպես համաձայն եմ, որ սա խնդիր է, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ կախված է անձից, նրա հեղինակությունից, նա պետք է վստահություն ներշնչի բիզնես ոլորտում»,- ասաց Հակոբ Ավագյանը: