2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտման (Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների) կապակցությամբ, ինչպես նաև հետագայում հակառակորդի կողմից հնարավոր նախահարձակ գործողություններով պայմանավորված՝ աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության համար իրավական հիմքերի ապահովման նպատակով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխարհազորայինների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ (աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում)՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում: Նման համոզմունք ունեն ՀՀ կառավարությունում:
Ուստի գործադիրն այսօր հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած նոր նախագիծը, որով նախատեսվում է աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում այդ աշխատողների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ (աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում): Այս նպատակով Նախագծով նաև նախատեսվում է առաջարկվող իրավական կարգավորումներին տալ հետադարձ ուժ՝ դրանք տարածելով 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նախագծում ամրագրված է հետևյալը.
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 կետը.
«4.1) որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (աշխարհազորային)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպա¬նության մարտական գործողություններին մասնակցելիս.».
2) 2-րդ մասը «1-ին մասով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետի,» բառերով.
3) 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասը.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողը ազատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի տրամադրած՝ աշխարհազորային համարվելու մասին տեղեկանքի հիման վրա, իսկ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով:»:
Իրավաբան.net