Ո՞ր դեպքերում կարող է գործատուն վստահության կորուստի հիմքով աշխատողին ազատել աշխատանքից

Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, 11 դեպքերում, որոնցից մեկը` աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքն է:

Արդյոք այս դրույթը կարո՞ղ է կամայականություն դրսևորել և աշխատանքից հեռացնել անձանց:

Փաստաբան Ժաննա Սիմոնյանի խոսքերով` այս նորմը նախկինում բավականին լայն հնարավորություններ էր տալիս գործատուներին, սակայն ներկայումս իրավիճակը փոխվել է. «Օրենսգրքի 122-րդ հոդվածը կարգավորում է, թե որ դեպքերը կարող են լինել վստահության կորուստը»:

Նախատեսված է երեք դեպք, երբ աշխատողը`

1) դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս.

2) ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք.

3) հրապարակել է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը:

Մյուս պարագաներում փաստաբանի փոխանցմամբ այս հիմքով չի կարող գործատուն լուծել պայմանագիրը:

Փաստաբան Նարինե Գրիգորյանն էլ ասաց, որ հաճախ է տեղի ունենում, որ խախտումով այս հիմքը կիրառվում է գործատուների կողմից. «Բազմաթիվ անգամ դատական պրակտիկայում հանդիպում է խախտումով կիրառված այս հիմքը: Այդուհանդերձ, օրենքը հստակ տալիս է դեպքերը: Մնացած բոլոր հանգամանքներում, եթե բացակայում են երեք հիմքերը և գործատուն անձին ազատել է աշխատանքից, ապա դա անօրինական է ու դատական կարգով պետք է բողոքարկվի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել