Հենրիկ Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում հանդիսանալով թիվ 28 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 28/35 հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահը, այդ տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունների երկու օրինակներում և նշված տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանում գրանցված թվային տվյալները 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 24-ի սահմաններում, գրիչով կրկնագծելու եղանակով կեղծել է քվեարկության արդյունքները: Այսպես.
Հենբիկ Շահբազյանը, հանդիսանալով ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ՝ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի Կենտրոնական փող. 8 հասցեում գտնվող Մշակույթի տանը տեղակայված թիվ 28 ընտրատարածքի թիվ 28/35 տեղամասային հանձնաժողովի նախագահը, թիվ 28/35 հանրաքվեի տեղամասում նշված օրը քվեարկության ավարտից հետո հանձնաժողովի մյուս անդամների մասնակցությամբ հաշվել ամփոփել են արդյունքները և պարզել, որ քվեարկությանը մասնակցել են 611 անձինք, որոնցից 301-ը քվեարկել են «ԱՅՈ»-ի, 304-ը՝ «ՈՉ»-ի օգտին, իսկ թվով 6 քվեաթերթիկներ ճանաչվել են անվավեր: 2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 28/35 տեղամասում քվեարկության վերը նշված արդյունքներով 4 օրինակից կազմվել են արձանագրություններ, որոնք հաստատվել են հանձնաժողովի նախագահի, քարտուղարի և անդամների ստորագրություններով: Արձանագրություններից մեկը դրվել է պարկի մեջ, մյուսը փակցվել է թիվ 28/35 հանրաքվեի տեղամասի պատին, որից հետո քվեարկված և մարված քվեաթերթիկները, քվեաթերթիկների ելունդները, անհատական կնիքները, ծրարներն ու ընտրացուցակները հանձնաժողովի կողմից մեկանգամյա օգտագործման համար տրամադրված թղթե ծրարներում փաթեթավորելուց հետո, Հենրիկ Շահբազյանը փաթեթներով լցված պարկը, թիվ 28/35 հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների Ընտրատարածքային և Կենտրոնական ընտրական հանձնաժողովներ ներկայացվող արձանագրությունների և տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանի հետ միասին ժամը 24-ի սահմաններում ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել է Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ 1 հասցեում գտնվող Աքովյանի քաղաքապետարանի վարչական շենք՝ այնտեղ տեղակայված թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հանձնելու նպատակով: Կողմնակից լինելով սահմանադրական փոփոխություններին, դժգոհ մնալով իրենց տեղամասում քվեարկության արդյունքներից և օգտվելով վարչական շենքի միջանցքում միայնակ գտնվելու հանգամանքից՝ Հենրիկ Շահբազյանը, քվեարկության իրական արդյունքներն «ԱՅՈ»-ի օգտին կեղծելու դիտավորությամբ, նշված երկու արձանագրություններում և թիվ 28/35 հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանում գրիչով կրկնագծման եղանակով 300-ով՝ ավելացրել է մասնակիցների թիվը՝ այն «611»-ից դարձրել «911», նույն չափով ավելացրել է «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը՝ այն «301»-ից դարձրել «601», իսկ արձանագրություններում համամասնորեն նվազեցրել է նաև մարված քվեաթերթիկների թիվը՝ այն «795»-ից դարձրել «495 » և ավելացրել քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեաթերթիկների թիվը՝ այն «611»-ից դարձրել «911», այդ կերպ կեղծել է հանրաքվեի թիվ 28/35 տեղամասի քվեարկության արդյունքները և արձանագրության կեղծված երկու օրինակներն ու գրանցամատյանը հանձնել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Գործը քննել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:
Դատարանը վճռել է Հենրիկ Շահբազյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ պատիժ նշանակել` ազատազրկում 3(երեք) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Հենրիկ Լևոնի Շահբազյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 1(մեկ) տարի ժամկետով:
Ծանուցում: Հանցագործության մեջ մեղադրվողը մեղավոր չէ, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: