ԼՂՀ Պաշտպանության բանակը երեկ հայտարարեց, որ չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցև այնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այս հանգամանքին, ասաց. «Զորքերի տեղաշարժը, կուտակումների փոփոխությունները մշտական են, անցած օրերի ընթացքում, այդ թվում՝ երեկ, այդ գործընթացները շեշտակի փոփոխություն չեն կրել: Երեկ Ադրբեջանի ՊՆ-ն իր հայտարարության մեջ նշեց, որ իրենք մշտապես դա իրականացնում են»:
Այսինքն՝ եզրահանգել, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման, սխալ կլինի. «Հստակ գնահատական տալ չեմ կարող, այս իրավիճակում հստակ ասել՝ ինչ կլինի, երբ կլինի, հնարավոր չէ: Ամենակարևորն այն է, որ ՊԲ-ն հետախուզական միջոցները այդ ամենը ֆիքսում է ու ոչինչ աննկատ չէ: Նախորդ ակտիվ մարտական գործողություններից հետո, պաշտպանության բանակը բերվել է մարտական վիճակի: Պատերազմների պատմության մեջ ոչ մեկ չի կարող բացառել, որ դիմացինի գործողություններն ինչ-որ առումով անակնկալության տարրեր չեն ունենա»,- նշեց պարոն Հովհաննսիսյանը:
Նա նաև խոսեց զորահավաքի մասին լուրերին՝ նշելով. «Հայաստանում զորահավաք չկա: Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, ապա դրա վերաբերյալ որևէ տեղեկություն կլինի»:
Իրավաբան.net