Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը հաղորդագրություն է տարածել, որում պարզաբանում է, թե ինչու է ուսանողուհին հեռացվել բուհից:
« Համացանցում տեղեկություն է շրջանառվում, համաձան որի, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից ուսանողուհի է հեռացվել: Այս առիթով անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ ուսանողուհու մայրը՝ Մարգարիտ Դավթյանը, եղել է համալսարանում, որին մանրամասն բացատրվել է իրավիճակը: Նա նաեւ դիմում է գրել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն: ԵՊԼՀ-ի կողմից ԿԳ նախարարությանը եւս պարզաբանվել է, որ ԵՊԼՀ օտար լեզուների ֆակուլտետի ուսանողուհի Լիանա Արայի Դավթյանի կողմից նախարարությանը հասցեագրված դիմումում արծարծված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:
Նախ տեղեկացնենք, որ Մարսել քաղաքում գործող «CENTRE CULTUREL J.A.F.» (Ֆրանսիայի հայ երիտասարդների միություն) կազմակերպությունը 1945թ.-ից ֆրանսիական դիմադրության շարժման հիման վրա ստեղծված միություն է, որի նպատակն է նպաստել ֆրանսահայ երիտասարդների զարգացմանը արվեստի և մշակույթի բնագավառներում: J.A.F.-ի շրջանակներում, ի թիվս մշակութային դպրոցների, գործում է նաև լեզվի դպրոց,
որտեղ 4-14 տարեկան երեխաներին դասավանդում են հայերեն: J.A.F.-ի գործունեության շրջանակներում ֆրանսերեն լեզվով Մարսելում հրատարակվում է «INTCH KA» (Ի՞նչ կա) ամսագիրը: Նշված փաստերը վկայում են այն մասին, որ տվյալ կազմակերպությունը որևէ կապ չունի համալսարանական կրթության հետ, ինչպես նաև ԵՊԼՀ-ի հետ չունի համագործակցության պայմանագիր: Ըստ դիմումում ներկայացվածի՝ ուսանողուհի Լիանա Արայի Դավթյանին թույլատրվել է բացակայել քննաշրջանից և երրորդ կուրսի երկրորդ կիսամյակի քննաշրջանը հանձնել 2016թ. սեպտեմբեր ամսվա առաջին երկու շաբաթների ընթացքում:
Սակայն հայտնում ենք Ձեզ, որ Լ. Դավթյանը՝ ըստ համալսարանում գործող կարգի, դիմում չի ներկայացրել ռեկտորի անունով և, բնականաբար, հարցը չի քննարկվել ռեկտորատի նիստին, որի արդյունքում քննաշրջանը տեղափոխելու վերաբերյալ բուհը որևէ որոշում չի կայացրել: Ինչ վերաբերում է ծնողի կողմից հիշատակվող տեղեկանքին, ապա հարկ է նշել, որ համապատասխան տեղեկանքներ տրամադրելու իրավասություն ունեցող բուհի որևէ պաշտոնատար անձ /ռեկտոր, պրոռեկտոր/ նման փաստաթուղթ չի ստորագրել:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն ներկայացված տեղեկանքը Լիանա Արայի Դավթյանը ստացել է օտար լեզուների ֆակուլտետի դեկանի տեղակալից, ում ներկայացրել է ֆրանսերեն լեզվով տեղեկանք, որը խաբեությամբ կորզել է ֆրանսերենի ամբիոնի վարիչ Ն. Մանուկյանից, ում բանավոր կերպով ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող փաստեր, թե իբր համալսարանն ունի պայմանագիր վերոնշյալ կազմակերպության հետ՝ պարտավորվելով ներկայացնել համապատասխան փաստաթղթերը դեկանատ:
Չարաշահելով ամբիոնի վարիչի և դեկանի տեղակալի վստահությունը և ասելով, որ իբրև տեղեկանքի ուշացման պարագայում խնդիրներ կունենա դեսպանատան հետ՝ դեկանատից ձեռք է բերել տեղեկանքը և դիմել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն և ստանալով արտոնագիր, մեկնել է Ֆրանսիա՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերը բուհ ներկայացնելու: Հայտնում ենք նաև, որ արտերկիր մեկնելուց առաջ ուսանողուհին իր ծնողի հետ ներկայացել է ԵՊԼՀ և հանդիպում ունեցել բուհի ռեկտորի, ուսումնական պրոռեկտորի և օտար լեզուների ֆակուլտետի դեկանի հետ: Զրույցի ընթացքում և՛ ուսանողուհուն, և՛ ծնողին մանրամասն բացատրվել է, որ չկան բավարար հիմքեր նրա քննաշրջանը տեղափոխելու համար: Անձամբ ռեկտորի կողմից նրանց բացատրվել է, որ ուսման վարձավճարի պարտք չունենալու պարագայում նա կազատվի ուսանողական պարտականություններից, իսկ կիսամյակային ուսման վարձը չվճարելու դեպքում կհեռացվի համալսարանից:
Նրանք տեղեկացվել են նաև, որ երկու դեպքում էլ հետագայում ուսանողուհին կվերականգնվի նույն կիսամյակում: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակի համար ֆրանսերենի ամբիոնի վարիչ, բ.գ.թ. դոցենտ Ն.Մանուկյանը և Օտար լեզուների ֆակուլտետի դեկանի տեղակալ ավագ դասախոս Ս.Բաբայանը ենթարկվել են կարգապահական տույժի՝ իրենց պաշտոնական իրավասությունները գերազանցելու համար»: