Կառավարությունն այսօր սահմանեց Մարդու իրավունքների պաշտպանին պաշտոնում ընտրելու և պաշտոնից ազատելու կարգը, լիազորությունները, գործունեության կարգը և երաշխիքները, ինչպես նաև նրա աշխատակազմի իրավական կարգավիճակը:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել էր նախագիծ, որն ապահովում է այս բոլոր դրույթները: Կառավարությունն այն հաստատեց և ուղարկեց ԱԺ, Հովիկ Աբրահամյանը, դիմելով նախարարին, նշեց, որ այս ընթացքում քննարկումներ ծավալվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և քաղաքական ուժերի հետ:
Նախագծում նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության ընթացքում երկու անգամ Պաշտպանի պաշտոնը որոշակի ժամանակահատվածով թափուր է մնացել, ինչը խոչընդոտներ է առաջացրել կառույցի գործունեության համար: Նախագծով սահմանվել է պաշտպանի ընտրությունների անցկացման համար նվազագույնը 50 օր ժամանակահատված՝ որոշ չափով երաշխիքներ ստեղծելով Պաշտպանի պաշտոնը թափուր մնալու դեպքերի բացառման համար: Բացի այդ, սահմանվում է նաև Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում մինչև նոր Պաշտպանի ընտրվելն ու պարտականությունների կատարմանն անցնելը Պաշտպանի աշխատակազմն ապահովում է իր բնականոն գործունեությունը։ Հստակեցվել է նաև Պաշտպանի՝ իր պարտականությունների կատարմանը անցնելու կարգը, այն է՝ Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում իր երդման արարողությունից հետո՝ նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությանը հաջորդող օրվանից:
Նախատեսվում է Պաշտպանի լիազորությունը՝ քննարկելու այն կազմակերպությունների դեմ բերված բողոքները, որոնք խախտում են անձի իրավունքները և ազատությունները բժշկական սպասարկման, շրջակա միջավայրի, մշակույթի, սպառողների իրավունքների պաշտպանության և կրթության ոլորտներում: Բողոքում բարձրացված կամ սեփական նախաձեռնությամբ սկսված հարցերի ուսումնասիրման վերաբերյալ, ի թիվս այլ լիազորությունների, Պաշտպանն իրավասու է անարգել այցելել ցանկացած պետական և տեղական ինքնակառավարման մարմին կամ կազմակերպություն՝ անկախ կազմակերպական իրավական և սեփականության ձևերից, ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից և կազմակերպությունից՝ անկախ կազմակերպական իրավական և սեփականության ձևերից, դրանց պաշտոնատար անձանցից և/կամ աշխատակիցներից պահանջել և ստանալ բողոքին կամ սեփական նախաձեռնությամբ քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ, նյութեր, փաստաթղթեր, ինչպես նաև ստանալ աջակցություն այդ հաստատություններում իրականացվող այցերի ընթացքում, ստանալ քննարկվող հարցի ուսումնասիրման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ, որոնք Պաշտպանին են ներկայացվում անվճար և անարգել, ինչպես նաև օգտվել հիշյալ մարմինների ղեկավարների, պաշտոնատար անձանց և վարչակազմի մոտ անհետաձգելի ընդունելության իրավունքից:
Բողոքների քննարկման ընթացքում պետական մարմինների եվ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում պաշտպանը պարտավոր է հնարավորություն տալ այն կազմակերպությանը, պետական մարմնին կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա այն պաշտոնատար անձին, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են, պարզաբանումներ տալու բողոքի և կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորելու իրենց դիրքորոշումը:
Սահմանադրական փոփոխություններից բխող մյուս անհրաժեշտ կարգավորումը կապված է իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման գործում պաշտպանի մասնակցությանը: Նախագծով նախատեսվում է մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի ուղարկելու պայմանը: Միաժամանակ օրենքը հնարավորություն է տալիս այն բոլոր դեպքերում, երբ Պաշտպանն իրեն հասցեագրված բողոքների ուսումնասիրության արդյունքում կամ սեփական նախաձեռնությամբ սկսած հարցի քննարկման ընթացքում պարզում է, որ դրանցում բարձրացված հարցերը նորմատիվ իրավական ակտերում լուծում չունեն համապատասխան կարգավորումների բացակայության կամ թերի կարգավորման պատճառով, ապա Պաշտպանը կարող է առաջարկություն ներկայացնել նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմնին՝ մատնանշելով իրավական ակտի կատարելագործման անհրաժեշտությունն ու սահմանները:
Կարևոր է նաև անդրադառնալ Նախագծով նախատեսվող անձեռնմխելության երաշխիքին ՝ հաշվի առնելով Սահմանադրության 193-րդ հոդվածով ամրագրված դրույթը, համաձայն որի՝ մարդու իրավունքերի պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության դրույթը: Հետևաբար հիմք ընդունելով վերոգրյալը՝ Նախագիծը նշված կարգավորումներին համահունչ սահմանում է Պաշտպանի անձեռնմխելիության երաշխիքը:
Ըստ նախագծի` պաշտպանին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել առանց Ազգային ժողովի համաձայնության:Պաշտպանին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին: Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:
Անհրաժեշտ է ընդգծել, որ Նախագծով տրվում են նաև գործնականում տեղ գտած մի շարք խնդիրների լուծումներ: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նախագծի 23-րդ հոդվածով նախատեսվում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի առկայությունը:
Նախագծով Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների կարգավիճակի և երաշխիքների վերաբերյալ նույնպես կարգավորման առանձնահատկություններ են սահմանվել: Հստակ կարգավորում է նախատեսվում պաշտպանի աշխատակազմի կառուցվածքի դեպքում, նախատեսվում է նոր մարմին, այն է ՝ փորձագիտական խորհուրդների ստեղծումը, հստակեցնում պաշտպանի աշխատակազմի կառավարման ոլորտում Պաշտպանի գործառույթային դերակատարությունը:
Նախագծով առավել հստակեցվել են ազատության սահմանափակման այն վայրերը, որտեղ ազգային մեխանիզմը կարող է այցելություններ կատարել, սակայն նախատեսված ցանկը սպառիչ չէ, որի անհրաժեշտությունը բխում է նաև «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությունից:
Նախագծում նախատեսվում է նաև ազգային մեխանիզմի կողմից իրավասու մարմիններին և կազմակերպություններին առաջարկություններ ներկայացնելու իրավասություն՝ ազատության սահմանափակման ցանկացած վայրում գտնվող անձանց պահելու պայմանները բարելավելու, ինչպես նաև խոշտանգումները և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով, որոնք կարող են առնչվել նաև գործող և նախագծային փուլում գտնվող իրավական ակտերին:
Նախագծում սահմանվել են նաև Պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման լիազորության իրականացման համար լրացուցիչ երաշխիքներ: Պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման լիազորության իրականացման հետ կապված՝ իրավակիրառ պրակտիկայում որոշ դեպքերում տեղ են գտել տարաբնույթ մեկնաբանություններ, որոնց արդյունքում անհարկի խոչընդոտներ են ստեղծվել Պաշտպանի լիազորությունների իրականացման համար:
Իրավաբան.net