ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանի կարծիքով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կայացած չէ: Նա չի կարծում, որ հանրության մեջ այս կառույցը մեծ հեղինակություն ունի. «Ճիշտ է՝ ինչ-որ ֆորմալ առումով որոշ գործեր կատարվում են, բայց հասարակության շրջանում այս կառույցի նկատմամբ վերաբերմունքը թյուր է: Գրեթե բոլոր ոլորտներում խնդիր կա»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ Արցախում ևս մեկ խնդիր կա՝ սակավ են ու պասիվ իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպես նաև ակտիվ փաստաբանական գործունեություն չի նկատվում. «Հատկապես պետք է շեշտեմ աշխատանքային փոխհարաբերություններում առկա խնդիրներ, երբ բազմաթիվ մարդկանց իրավունքներ ոտնահարվում են ու մարդիկ չգիտեն՝ ինչպես պաշտպանել»:
Այստեղ գործում է նաև հանրային պաշտպանի գրասենյակ, որը նույնպես ֆորմալ առումով գործում է:
Նա նաև ասաց, որ Քաշաթաղի շրջանում Բերձորում «Քաշաթաղցիներ» կազմակերպություն կար, որը դատարաններում պաշտպանում էր աշխատողների իրավունքներն ու հաջողություն գրանցում. «Կարծում եմ՝ նման կազմակերպությունների ակտիվացումը և մամուլում նման դեպքերի լուսաբանումը, հնարավորություն կտա հանրությանն ակտիվանալ, առավել մեծ ուշադրություն դարձնել իրենց իրավունքներին, գուցե՝ դառնալ ավելի պահանջկոտ մարդու իրավունքների պաշտպանի կառույցի նկատմամբ»,- եզրափակեց պատգամավորը: