Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ-ի) գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին: Իր թվիթերյան հաշվում նա գրել է. «Ուրախ եմ, որ հանդիպել եմ Հայաստանի Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական եղանակով»:
Նա նաև նշել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շտապ լարվածության թուլացում է պահանջում և դիվանագիտական առաջընթաց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ»:
Իսկ ՊՆ-ից տեղեկանում ենք, որ ապրիլի 21-ից աշխատանքային այցով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելած ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր Քարտուղարի տեղակալ դեսպան Ալեքսանդր Վերշբոուի հետ:
Հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիայի մանրամասները՝ մասնավորապես նախապես պլանավորված նախահարձակ գործողությունները և այդ ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներն ապացուցող հիմնավորումները: Դավիթ Տոնոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ռազմական ուժի կիրառմամբ. «Վերահաստատվել է, որ համայն հայությունը մոբիլիզացված է և բոլոր միջոցներով կպաշտպանի այդ իրավունքը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ինքնապաշտպանվելու և բարելավելու իր անվտանգության միջավայրը»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Վերշբոուն, բարձր գնահատելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս մակարդակը, հույս է հայտնել, որ այն կշարունակի պահպանել զարգացման դինամիկան:
Ապրիլի 22-ին Դավիթ Տոնոյանը կմասնակցի Հայաստան-ՆԱՏՕ «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի քննարկմանը: