Երդվյալների համակարգը` դատարանների նկատմամբ վստահության բարձրացման երաշխավոր

Մենք ունենք դատարանների նկատմամբ անվստահություն, իհարկե, դա փոփոխվում է, սակայն ոչ էականորեն: Ասում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Ըստ նրա` իրավիճակը շտկելու համար հարկավոր է նաև ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտն` առանց վախենալու դժվարություններից. «Իհարկե, դժվարություններ կլինեն, իհարկե կգտնեն մարդիկ, ովքեր կփորձեն ազդել ատենակալների վրա, բայց այդ դժվարությունները եղել են նաև այն երկրներում, որտեղ համակարգը ներդրվել է, ուստի պետք է առանց վախենալու ներդնել երդվյալ ատենակալների համակարգը»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Մարտիրոսյանը:

Նա փոխանցեց, որ այս համակարգը գործել է նաև խորհրդային տարիներին ու սովետական դատարանի նկատմամբ վստահության չափանիշ կար. «Ես առնչվել եմ, տեսել եմ ու գիտեմ, որ վստահության չափանիշ կար, որը նաև պայմանավորված է ատենակալների ինստիտուտով»:

Այնպես որ` դատավորը վստահ է` պետք չէ հասարակության անդամներին մեկուսացնել արդարադատությունից. «Հակառակը պետք է լինի` բերեք մարդկանց, թող իրենք որոշեն, իրենք պատժեն: Դատարանի նկատմամբ, եթե չասեմ` վստահությունը շատ մեծանալու է, ապա անվստահությունն է բացառվելու»,- եզրափակեց դատավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել