Հայկական երկու հանրապետությունների պատգամավորները հանդիպեցին

ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում ապրիլի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ընդլայնված կազմով հանդիպումը:

ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակության մեջ ընդգրկված էին մի շարք մշտական հանձնաժողովների նախագահներ և խորհրդարանական բոլոր խմբակցությունների պատասխանատուները:

Խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիայից հայրենիքի սահմանները պաշտպանող, զոհված զինծառայողների և հրետակոծության հետևանքով մահացած խաղաղ բնակիչների հիշատակը:

Փոխադարձ պայմանավորվածությամբ ընտրվել է օրակարգային հարց՝ «Սույն թվականի ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և խորհրդարանական անելիքները՝  Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում»:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ և ԼՂՀ շուրջ երկու տասնյակ պատգամավորներ:

Քննարկվել են պաշտպանության, անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտներում օրենսդրական և այլ կարգի համագործակցության ու միջազգային խորհրդարանական հարթակներում Արցախին առնչվող խնդիրների համակողմանի ներկայացման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Հայկական երկու հանրապետությունների պատգամավորները ընդգծել են համատեղ քննարկումների կարևորությունը, որը հիմք է տալիս ստեղծված ոչ սովորական պայմաններում գտնել արդյունավետ համագործակցության համար պահանջվող գործիքակազմը:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ առաջարկները կներկայացվեն ԼՂՀ և ՀՀ խորհրդարաններին, և դրա հիման վրա կմշակվի համատեղ գործողությունների պլան: Տեղեկանում ենք ԱԺ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել