ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քրեական դատավարության մասնակից Սամվել Հայրապետյանը, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, կատարել է սուտ մատնություն՝ քրեական գործով ապացույցներ կեղծելու մեջ անհիմն մեղադրելով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ Ս. Ավդոյանին:
Մասնավորապես՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Սամվել Հայրապետյանը հաղորդում էր տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ Ս. Ավդոյանը 2015 թվականի մարտի 16-ին իրեն հրավիրել է հարցաքննության, ապա բանավոր հարցեր տվել քաղաքացի Նորիկ Պ.-ի գործունեության մասին, սակայն ինքը հայտնել է, որ վերջինիս վերաբերյալ որևէ տեղեկություն չունի: Քննիչն իր ձեռքով արձանագրել է ցուցմունքը, վերջում արձանագրությունը տվել է իրեն, որ կարդա բովանդակությունը, սակայն քննիչին վստահելով, ինքը չի կարդացել և իր ձեռքով գրել է, որ այն գրված է իր պատմածով, ճիշտ է և ստորագրել է արձանագրության տակ: Հետագայում տեղեկացել է, որ քննիչն իր ցուցմունքում մտցրել է իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ, բացի այդ, արձանագրության առաջին և երկրորդ էջերին առկա ստորագրության նմուշներն իր կողմից չեն կատարվել:
Քրեական դատավարության մասնակից Սամվել Հայրապետյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Ս. Հայրապետյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն:
Ըստ դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության՝ վկայի հարցաքննության արձանագրության առաջին և երկրորդ էջերին առկա ստորագրությունները կատարվել են Ս. Հայրապետյանի կողմից:
Այսինքն՝ Ս. Հայրապետյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ Ս. Ավդոյանի կողմից առերևույթ քրեական գործով ապացույցներ կեղծելու վերաբերյալ:
Սուտ մատնություն կատարելու համար Ս. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: