Վերջերս հրապարակեցինք «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի մասին տեղեկատվություն, նախագահը ստորագրվել է փետրվարի 23-ին: Այս նոր փոփոխությունը սոցիալական հարթակում լայն քննարկման առարկա դարձավ, մասնավորապես օգտատերերին հետաքրքրում էր, թե ինչ եղանակով նրանք կարող են անվճար սովորել բուհերում, մասնավորապես բարձր վարձրատրություն պահանջող մասնագիտություններով: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի հետ:
Նախ նշենք, որ իրավական ակտը ներկայացրել է կառավարությունը: Նոր փոփոխությամբ ներդրվում է նպատակային ուսուցման մոդելը: Նախագծում ասվում է, որ նպատակային ուսուցումը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածաշրջանները, այդ թվում՝ սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերը, համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով իրականացվող ուսուցում է:
Ըստ նախագծի` նպատակային ուսուցմամբ ուսանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգի:
Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաև հետևյալ պայմանը. ուսանողը ավարտելուց հետո՝ առնվազն 3 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում:
Նպատակային ուսուցման ժամանակ առանձին մասնագիտություններ չի առանձնացվում: Մեզ հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, միաժամանակ նա հավելեց, որ այս ուսուցման մոդելով առավել շատ երաշխիքներ կան այնպիսի ոլորտներում, որոնց մասնագետների կարիքը պետությունն ունի, ինչպես օրինակ մանկավարժության և բժշկության դեպքում. «Այն մասնագիտությունը, որտեղ պետական երաշխիքներ կան, պետությունն էլ երաշխիք է տալիս, որ գործի տեղ կլինի, պետությունը նման երկու մասնագիտություն ունի` բժշկություն և մանկավարժություն»:
Նպատակային ուսուցման դիմողները պետք է իմանան, որ սա եռակողմ պայմանագիր է. «Այստեղ մի շատ կարևոր նրբություն կա, սա եռակողմ պայմանագիր է, այսինքն` ուսանողը, բուհը և գործատուն, եթե նա չգնաց, ապա ծախսերը պետք է վերադարձնի այն գործատուն, որն ասել է` ես կարիք ունեմ, տեղավորելու եմ: Այդ իմաստով, երբ խոսքը վերաբերում է բժշկությանը և մանակավարժությանը, պետությունը կարողանում է հանդես գալ որպես պատասխանատու, այսինքն` ուսանողը եթե պայմանագիր է կապել, պետւթյունն ապահովում է իրեն աշխատանք` ըստ պայամանագրի: Մյուս մասնագիտություններում այդ խնդիրը կա, գործատուն սկզբում կարող է ասել` ես աշխատանք ունեմ, հետագայում հրաժարվել աշխատանքի ընդունել երիտասարդին, նման դեպքերում պետությունը չի կարող ստիպել գործատուին, որ իր խոստումը կատարի»,- նշեց պարոն Մկրտչյանը:
Բացի այդ, նման կերպ ուսանել ցանկացողները պետք է իմանան, որ պետությունը նրանց կարող է գործուղել իրենց բնակության վայրից առավել հեռու տեղ, օրինակ` սահմանային գյուղեր. «Այնպես չէ, որ ուսումն ավարտածներն իրենց հաճո վայրում կարող են աշխատանքի անցնել, պետությունը նախորոք ասում է, թե որտեղ կարող են սովորել: Ուստի նախ և առաջ նման կերպ ուսանել ցանկացողը պետք է հասկանա, թե որտեղ են առաջարկում, կարող է նման տարբերակները ուսանողին հարմար չլինեն»:
Իսկ աշխատանքի անցելով երիտասարդն աշխատելու է ընդհանուր հիմունքներով` նույն պայմաններում և նույն աշխատավարձն է ստանալու ինչ տվյալ հիմնարկի կամ հաստատության մյուս աշխատակիցները: Այնպես որ սա դրական տարբերակ է ֆինանսական խնդիրներ ունեցող երիտասարդների համար: