Նոր փոփոխություններ. ներդրվում է նպատակային ուսուցման մոդելը

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը նախագահը ստորագրեց փետրվարի 23-ին:

Իրավական ակտը ներկայացրել է կառավարությունը: Նոր փոփոխությամբ ներդրվում է նպատակային ուսուցման մոդելը: Նախագծում ասվում է.

Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով.

«22) նպատակային ուսուցում ` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածաշրջանները, այդ թվում՝ սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերը, համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով իրականացվող ուսուցում:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Ըստ նախագծի` նպատակային ուսուցմամբ ուսանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգի:

Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաև հետևյալ պայմանը. ուսանողը ավարտելուց հետո՝ առնվազն 3 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում:

Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի և պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը: Փոխհատուցված գումարի 70 տոկոսը բարձրագույն ուսումնական հաստատությունը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը տնօրինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել