Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, քննվող սպանության գործով ամբաստանյալի աթոռին Արմինե Խաչատրյանն է: Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա անմեղսունակության վիճակում 2008 թվականի մարտին 2007 թ-ի դեկտեմբերին ծնված երեխային ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով քարով հարվածել է նրա գլխին և սպանել:
Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշենք, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին Քննչական կոմիտեին հաղորդագրություն էր տարածել այս դեպքի մասին՝ հայտնելով, որ փոքրիկի սպանության մեջ մեղադրվող կինն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ և սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ՝ շրջապատի համար։
Նախնական քննության տվյալներով՝ Աշտարակ քաղաքի 38-ամյա բնակչուհին տարիներ առաջ՝ 2008 թվականին, քարով հարվածել է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու երկրորդ կնոջ մանկահասակ՝ 4 ամսական երեխայի գլխին և սպանել։ Քրեական գործի շրջանակներում նույն օրը կատարվել է արտաշիրիմում։
Դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 98 եզրակացությամբ հիմնավորվել է, որ երեխան մահացել է նրա նկատմամբ կիրառված բռնության հետևանքով. պատճառվել են գանգուղեղային բութ վնասվածքներ: Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ հայտնաբերվել են հետևյալ վնասվածքները՝ ճակատոսկրի աջ և ձախ կեսերի, աջ և ձախ գագաթոսկրերի վերնոսկրային, ապոնևրոզային, ներոսկրային արյունազեղումներ, որոնք պատճառվել են բութ առարկաների ներգործության հետևանքով, հնարավոր է՝ գլխին հարվածներ հասցնելու հետևանքով, կենդանության օրոք, որոնք ունեն առողջությանը ծանր վնասի պատճառման հատկանիշներ, և դրանք (վնասվածքները) տվյալ դեպքում բերել են մահվան:
Ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության թիվ 125 եզրակացության համաձայն՝ երեխայի սպանության մեջ մեղադրվող կնոջ մոտ հայտնաբերվել է «Թուլամտություն անհայտ ախտածագման»:
Փորձագետները դժվարացել են պարզել երեխայի սպանության մեջ մեղադրվող կնոջ մեղսունակության հարցը հանցագործության կատարման ժամանակ՝ մատնանշելով օբյեկտիվ տեղեկությունների, որևէ բուժփաստաթղթերի բացակայությունը, սակայն փաստել են, որ ներկա հոգեկան վիճակով նա չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, կարիք ունի հարկադրական բուժման՝ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում: Նա սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ՝ շրջապատի համար:
Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է հսկողության տակ առնելը բաժանմունքում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: