Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին 2011թ. եղել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 19 մլն ՀՀ դրամ ու 37 հազար ԱՄՆ դոլար:
2013թ. նա եղել Կոտայքի մարզի դատախազ, իսկ դրամական միջոցները կազմել են 22 մլն դրամ ու 41 հազար ԱՄՆ դոլար:
2014թ. Վերաքննիչ քրեական դատարանում, պաշտոն ստանձնելով պարոն Ռշտունին, հայտարարագրել է բնակարան և BMW X5 4.8 I մակնիշի ավտոմեքենա, նրա դրամական միջոցները կազմել են 23 մլն ՀՀ դրամ ու 41 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2015թ. նրա դրամական միջոցները չնչին աճ են արձանագրել՝ հասնելով 25 մլն դրամի ու 42 հազար ԱՄՆ դոլարի:
Պարոն Ռշտունու կինը հայտարարագիր է ներկայացրել 2012-2013թթ.-ին: 2013թ. նա ունեցել է 3,5 մլն դրամ ու 10 հազար ԱՄՆ դոլար:
Դատարանի նախագահն ու նրա կինը ունեն 54 մլն ՀՀ դրամ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանը պաշտոնը ստանձնել է 2012թ.-ին, նա հայտարարագրել է անհատական բնակելի տուն և Mitsubishi Pajero 3.0 մակնիշի ավտոմեքենա: Դատավորն ունեցել է 19 մլն ՀՀ դրամ, տարվա վերջում՝ 22 մլն: Տիկին Թադևոսյանի դրամական միջոցները գնալով ավելացել են, իսկ 2015թ. հասել՝ 33 մլն ՀՀ դրամի:
Կին դատավորի ամուսինը 2012թ. վերջում ունեցել է 34 մլն ՀՀ դրամ, 2015թ. նա 2,5 մլն դրամով ձեռք է բերել ավտոտնակ, իսկ դրամական միջոցները կազմել են 31,5 մլն դրամ:
Այսպիսով՝ դատավորն ու նրա ամուսինն ունեն 64,5 մլն դրամ:
Այս դատարանից Սերգեյ Չիչոյանը 2015թ. սկզբում ունեցել է 28 մլն դրամ, տարվա ընթացքում պարոն Չիչոյանը գնել է 120 մլն դրամ արժողությամբ բնակելի տուն, բացի այդ ստացել 120 հազար ԱՄՆ դոլար փոխառություն և 19 մլն դրամի նվիրատվություն:
Տարվե վերջում նրա դրամական միջոցները նվազել են՝ հասնելով 700 հազար ՀՀ դրամի: Դատավորի կինը ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում, որից ստացել է եկամուտներ 2011 և 2012 թվականներին, սկզբում 270 հազար, այնուհետև 2 մլն ՀՀ դրամի չափով:
2015թ.-ին նրա դրամական միջոցները նույնպես նվազել են և հասել 750 հազար ՀՀ դրամի: Դատավորն ու կինն ունեն 1,4 մլն դրամ:
Այս դատարանի մյուս մեծահարուստ դատավորը Արմեն Դանիելյանն է: 2011թ.-ին նա ունեցել է 7,5 մլն դրամ ու 22 հազար դոլար, տարեց տարի դատավորի դրամական միջոցներն ավելացել են, իսկ 2015թ. կազմել 11 մլն դրամ ու 22 հազար դոլար, աճել են նաև դատավորի կնոջ դրամական միջոցները, 2015թ. կազմել են 6 մլն դրամ ու 33 հազար ԱՄՆ դոլար: Նրանք ունեն 44 մլն դրամ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանը 2011թ. սկզբում ոչ մի դրամական միջոց չի ունեցել, իսկ վերջում՝ 2 մլն ՀՀ դրամ, հաջորդ տարի նույնն է, իսկ 2013թ. սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 2,5 մլն դրամ, վերջում՝ 5 մլն: Չնայած այս հանգամանքին Արարատ Պետրոսյանը 12 մլն դրամով գնել է TOYOTA CAMRY 2,2 L մակնիշի ավտոմեքենա:
Մինչև 2015թ. պարոն Պետրոսյանի դրամական միջոցներն ավելացել են և վերջում կազմել 14.4 մլն դրամ:
Այսպիսով Վերաքննիչ քրեական դատարանի ամենահարուստ դատավորը Լիլիթ Թադևոսյանն է, նա և նրա ամուսինն ունեն 64,5 մլն դրամ:
Վարչական վերաքննիչ դատարանում
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի դատավոր Արթուր Առաքելյանը 2012թ. ունեցել է 8,5 մլն դրամ, բացի այդ նա հայտարարագրել է նաև 10 հազար 500 դոլարի այլ եկամուտներ:
Հաջորդ տարի 13 մլն դրամով վաճառել է իր Toyota Land Cruiser Prado 2.7 I մակնիշի ավտոմեքենան, 50 հազար դոլար փոխառություն ստացել, իսկ դատավորի դրամական միջոցները 2013թ. վերջում կազմել են 8 մլն դրամ ու 7 000 դոլար, 2015թ. վերջում դատավորն ունեցել է 6 մլն դրամ ու 12 հազար դոլար, դրամով շուրջ 11,9 մլն:
Դատավոր Արա Բաբայանը 2011թ. վերջում ունեցել է 6,5 մլն դրամ ու 5900 դոլար, 2014թ. դատավորը վաճառել է իր անհատական բնակելի տունը՝ 3,8 մլն դրամով և գնել Mercedes-Benz ML 350 մակնիշի ավտոմեքենա՝ 11,4 մլն դրամով, 2015թ. վերջում դատավորի դրամական միջոցները կազմել են 6,9 մլն դրամ ու 5900 դոլար:
Դատավորի կինը՝ Արմինե Սարգսյանը 2011թ. վերջում ունեցել է 27 մլն դրամ ու 27 հազար ԱՄՆ դոլար, տարվա ընթացքում նա 34 մլն դրամով գնել է բնակարան, իսկ 50 մլն-ով՝ անհատական բնակելի տուն:
Տիկին Սարգսյանը նաև ունի այլ եկամուտների աղբյուրներ, որոնցից 2011թ. նա ստացել է 22,9 մլն դրամ և 113 հազար ԱՄՆ դոլար: 2015թ. վերջում նրա դրամական միջոցները կազմել են 32,8 մլն դրամ ու 27 հազար ԱՄՆ դոլար: Այսպիսով դատավորի ու նրա կնոջ դրամական միջոցները կազմել են 55,8 մլն դրամ:
Դատավոր Քրիստինե Մկոյանը 2011թ.-ին, աշխատելով Վարչական դատարանում, հայտարարագրել է ընդամենը 10 հազար ՀՀ դրամ դրամական միջոց: 2013թ. ստացել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնը, հայտարարագրել բնակարան և Nissan Qashqai 2.0 մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև 17 հազար 500 ԱՄՆ դոլարի դրամական միջոցներ: 2015թ. վերջում դատավորն ունեցել է 25 հազար դոլար, այսինքն՝ շուրջ 12 մլն դրամ:
Վարչական վերաքննիչ դատարանի ամենահարուստ դատավորը Արա Բաբայանն է, դատավորի ու նրա կնոջ դրամական միջոցները կազմել են 55,8 մլն դրամ:
Մինչ այս մենք ուսումնասիրել ենք Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների գույքն ու դրամական միջոցները:
Ինչպես այս դատարանի, այնպես էլ Վերաքննիչ ատյանի ամենահարուստ դատավորը Գագիկ Խանդանյանն է: Դատավորն ու նրա կինն ունեն 74 մլն ՀՀ դրամ: