Դատարանը վճռեց 124 կմ/ժ արագությամբ երթևեկած պատգամավորից բռնագանձել 300 հազար դրամ

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը 2015թ. հուլիսի 30-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին։

Հայցվորը Դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ պատասխանողը ՀՀ ճանապարհային ոստիկանության որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ենթարկվել է վարչական տույժի 200.000 ՀՀ դրամի չափով։

Համաձայն նույն օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի՝ չվճարված տուգանքի չափն ավելացել է 50 տոկոսով և կազմում է 300.000 ՀՀ դրամ։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտել 01.04.2015 թվականին, դարձել է անբողոքարկելի՝ 01.06.2015 թվականին։

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված Պատասխանողը չի ներկայացել դատական նիստին և հայցադիմումի պատասխան չի ներկայացրել։

ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության որոշման համաձայն՝ Առաքել Մովսիսյանը 02.03.2015 թվականին ժամը 17։41-ին Երևան-Էջմիածին ավտոճանապարհին երթևեկել է 126 կմ/ժամ արագությամբ, այսինքն՝ հանելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի 10 կմ/ժ չափը, գերազանցել է երթևեկության սահմանված արագությունը 56 կմ/ժ-ով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ենթարկվել է վարչական պատասխանատվության, որը վերջինիս կողմից ստացվել է 01.04.2015 թվականին։

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ՝ դատավոր Անի Հարությունյանի վճռել է բավարեր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հայցը և Առաքել Մովսիսյանից հօգուտ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության բռնագանձել 300.000 ՀՀ դրամ։

Առաքել Մովսիսյանից հօգուտ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության բռնագանձել 6.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել