2009 և 2010թթ. երիտասարդների գործազրկության աստիճանը Հայաստանում կազմել է համապատասխանաբար 48.1% և 40.95%: Այսօր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության
ծրագիրն ու Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) կազմակերպել էին կլոր սեղան-քննարկում: Նպատակն էր համեմատել վիճակագրական տվյալները և քննարկել աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագիտական կրթության զարգացման քաղաքականության տարբերակները` Հայաստանում որակյալ աշխատուժի ու երիտասարդների զբաղվածության խթանելու միտումով։
«Մենք հուսով ենք, որ մասնավոր հատվածի ակտիվ ներգրավածությունն աշխատուժի կրթության հարցում կնպաստի շուկայի պահանջներին համապատասխանող բարձր որակավորում և հմտություններ ունեցող երիտասարդ կադրերի պարտրաստմանը»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի տնօրեն
Ալեքսանդր Բաբինովը։ ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգի խոսքերով՝ վերջին 3 տարվա ընթացքում ՄԱԶԾ-ն իր «Մասնագիտական կրթության և վերապատրաստման» ծրագրի շրջանակներում իրականացրել է վերապատրաստման
մի շարք ծրագրեր, այդ թվում գյուղաբնակ 715 գրանցված գործազուրկ երիտասարդների համար: Արդյունքում մասնակիցները ձեռք են բերել Հայաստանի աշխատաշուկայում պահանջված նեղ մասնագիտական հմտություններ։ Հունվարի ամսվա տվյալներով` վերապատրաստմանը մասնակցած մոտ 300 երիտասարդ աշխատանք է գտել։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում, համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և այլ տեղական շահագրգիռ կողմերի հետ, շարունակում է աջակցել զբաղվածության քաղաքականության մշակմանն ու իրագործմանը՝ կարևորելով գործազրկության կրճատումը երիտասարդների և կանանց շրջանում` մասնավորապես գյուղական համայնքներում։ Քննարկման ընթացքում հնչած քաղաքականության տարբերակներն ու առկա լուծումները կամփոփվեն մեկ փաստաթղթում: Այն լրամշակումից հետո կներկայացվի ՀՀ կառավարությանն ու մասնավոր հատվածի
ընկերություններին` որպես բարեփոխումների և օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ պարունակող զեկույցի փաթեթ հետագա քննարկումների համար։