Փետրվարի 19-ին Հովհաննես Սահակյանի նախագահությամբ գումարվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի օրակարգում ներառված երեք հարցերից առաջինը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա հիմնավորել է «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված փոփոխությունները, որոնցով առաջարկվում է առանձնապես ծանր հանցագործությունների համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրել հավելյալ տեսակցություններ: Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունման արդյունքում միջոցներ կձեռնարկվեն առանձնապես ծանր հանցագործությունների համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ կապերի ամրապնդմանը նպաստելու, դատապարտյալների հետ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Ի վերջո, տեսակցությունների թվի ավելացումը կնպաստի դատապարտյալների օրինապահ վարքագծի բարելավմանը:
Հարակից զեկուցող Հովհաննես Սահակյանը դրական է գնահատել նախագիծը եւ նշել, որ նախագծի ընդունման արդյունքում կպահպանվեն նաեւ միջազգային բազմաթիվ փաստաթղթերի պահանջները:
Հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Հաջորդիվ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Այս օրինագիծը նույնպես ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
ԱԺ պատգամավորներ Թեւան Պողոսյանի, Էլինար Վարդանյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արմեն Ռուստամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Էդմոն Մարուքյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով: