Վահան Շիրխանյանը վատառողջ է, սակայն կշարունակի մնալ կալանքի տակ

Հանցավոր խմբի անդամ համարվող Վահան Շիրխանյանը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս: Այս մասին տեղեկանում ենք նրա փաստաբանից Ստեփան Ոսկանյանից:

Նման որոշում է կայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ բավարարելով ԱԱԾ-ի միջնորդությունը:

Պարոն Ոսկանյանը նշեց, որ Շիրխանյանը ծանր առողջական վիճակում է, ըստ նրա՝ մեղադրյալը պետք է ենթարկվի ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության.

«Ընդ որում՝ մենք նշել ենք քաղաքացիական այն բուժհաստատությունը, որտեղ պարոն Շիրխանյանը մինչ այդ հետազոտվել է ու նրա առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ կան, սակայն որոշում են պետպատվերով իրականացնել հետազոտումը, ինչը ավելի է ձգձգում գործընթացը, մինչդեռ Շիրխանյանի հարազատները պատրաստ են հոգած այդ հետազոտության ծախսերը»,- ասաց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին, թե արդյոք նա ակնկալիք ունի, որ ԱԱԾ նոր տնօրենի՝ Գեորգի Կուտոյանի նշանակումից հետո այս գործի նկատմամբ նախաքննական մարմնի վերաբերմունքը կփոխվի, պարոն Ոսկանյանը նշեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել, համեյան դեպս, մինչ այդ իրենք դրական տեղաշարժ չեն նկատել:

Դատարանը այսօր նաև մերժել է կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել