ՀՀ Սահմանադրության 2015թ. փոփոխություններն ազդարարում են իրավագիտության տեսանկյունից բիոէթիկայի հարցերի քննարկման հույժ կարևորության մասին: ՀՀ Սահմանադրության 25–րդ հոդվածում՝ որպես նոր բովանդակության իրավունք, ամրագրվեց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը։ ՀՀ Սահմանադրության 25–րդ հոդվածի 3–րդ հոդվածի համաձայն` բժշկության և կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը, իսկ 4–րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:
ՀՀ սահմանադրական տեքստում «եվգենիկա» եզրույթն օգտագործվում է առաջին անգամ: Եվգենիկան (հուներեն՝ ազնվացեղ, տոհմական) ուսումունք է մարդկային բնույթը կենսաբանական եղանակով բարելավելու մասին: Ընդհանուր առմամբ, եվգենիկական փորձերի սահմանադրական արգելքի նպատակն է զսպել գիտական կամ քաղաքական՝ կասկածելի նպատակներ հետապնդող՝ բնակչության գենոֆոնդի «լավասերման» հետազոտությունները, ինչպես նաև «գենետիկ նորմերի» սելեկցիան:
ՀՀ Սահմանադրության նշված նորմը ՀՀ իրավական համակարգի օրակարգ է բերելու, ի թիվս այլոց, հետևյալ հարցերը.
1. Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիայի (Օվիդեոյի կոնվենցիա) ստորագրման և վավերացման վերաբերյալ քննարկումները .
2. «Եվգենիկակական փորձեր» սահմանադրական հասկացության ուսումնասիրություն և սահմանների հստակեցումը: Նախ՝ ՀՀ սահմանադրությամբ արգելվում է ոչ թե եվգենիկական գործունեությունն ընդհանրապես, այլ միայն փորձերը, մինչդեռ արդեն բնակչության տեսակի ընտրության մի շարք մեթոդիկաներ անցել են զուտ փորձարկման փուլը և ինքնուրույն գործունեություն են: Երկրորդ՝ տարբերակվում է բացասական եվգենիկան (կոնկրետ անձ գենետիկայի բժշկական միջամտությունը՝ նրա մոտ անբուժելի հիվանդությունները վերացնելու նպատակով) և դրական եվգենիկան (մարդու ժառանգականության բիոտեխնոլոգիական միջամտությունը՝ նրա «ցեղատեսակի» սելեկցիոն փոփոխության, լավասերման նպատակով): Բարոյագետները նշում են, որ առաջին եվգենիկան, սկզբունքորեն ողջունելի է, իսկ երկրորդը՝ կասկածների և առարկությունների տեղիք է տալիս :
3. Եվգենիկայի սահմանադրական արգելքի համատեքստում ընթացիկ օրենսդրության համակարգային վերանայումը, մասնավորապես՝ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կամավոր բժշկական ամլացման և արհեստական (արտամարմնական/փորձանոթային) բեղմնավորման նպատակով դոնորական սերմի զատորոշման և ընտրության իրավակարգավորումների ուսումնասիրությունը և հստակեցումը : Պետք է նկատի ունենալ, որ եվգենիկայի տեսակ են մարդու ընտրությունն ըստ սեռի, ինչպես նաև հիվանդ կամ սոցիալական տեսանկյունից անցանկալի «գենոֆոնդ» ունեցող մարդկանց վերարտադրման բացառումն՝ ամլացման եղանակով:
4. Եվգենիկական փորձերը (գործունեությունը), մարդու վերարտադրողական կլոնավորումը, ապագա երեխայի սեռը պլանավորելու համար վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառելը և բիոէթիկայի ոլորտում այլ հանրորեն վտանգավոր արարքները ՀՀ քրեական օրենսգրքում որպես ինքնուրույն հանցագործություններ նախատեսելը:
Իրավաբան.net