Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը հավասար չափով հասանելի չէ Երևանի և մազերի բնակիչների համար: Պնդում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, փաստաբան Մակար Եղիազարյանը: Սա առաջին խնդիրն է, որ նա արձանագրեց ոլորտում:
ՄԻՊ գրասենյակը գտնվում է Երևանում, ներկայացուցչություն կա Գյումրիում, իսկ մարզերը դուրս են մնացել ՄԻՊ գրասենյակին դիմելու հնարավորությունից: Նշեց մեր զրուցակիցը. «Շատ կարևոր է նաև այդ հնարավորությունը դարձնել հավասար ու համաչափ մյուս մարզերի համար»:
Բացի այդ, ըստ նրա բավարար չափով ուշադրություն և խնդիրների լուծման միջոցառումներ առկա չեն զինծառայողների շահերի պաշտպանության ոլորտում. «Կառաջարկեի ստեղծել հատուկ հանձնախումբ, որը պետք է զբաղվի այդ խնդիրներով: Ես ինքս, անցած լինելով զինվորական ծառայության բովով, քաջատեղյակ եմ բանակում առկա խնդիրներին, ունեմ որոշակի մոտեցումներ այդ խնդիրների լուծման վերաբերյալ»:
Մակար Եղիազարյանը նաև կարծում է, որ հասարակության շրջանում առկա չէ համապատասխան տեղեկացվածությունն՝ օմբուդսմենի ինստիտուտի գործունեության վերաբերյալ. «Այսինքն՝ հասարակ բնակչության մեծ մասը չգիտի՝ ինչ գործառույթներ ու լիազորություններ ունի մարդու իրավունքների պաշտպանը: Սա ունենում է երկկողմանի բացասական հետևանք: Նախ հասարակությունը արդյունավետորեն չի օգտվում իրավունքների պաշտպանության կարևորագույն գործիքից, երկրորդ՝ ՄԻՊ գրասենյակը շատ դեպքերում ստանում է այնպիսի բողոքներ, որոնք ենթակա չեն օմբուդսմենի քննությանն ու լուծմանը: Դա նաև ծանրաբեռնում է ՄԻՊ գրասենյակի աշխատանքը»,- ասաց փաստաբանը:
Մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ մշտապես եղել են ճնշումներ: Այս առումով Մակար Եղիազարյանը նշեց. «Ճնշումներ ցանկացած պարագայում կլինեն, այլ հարց է, թե տվյալ անձը ինչքանով է ենթակա տրվելու այդ ճնշումներին: Ես իրականացնում եմ փաստաբանական գործունեություն, ասել թե, ճնշումներ չեն լինում այդ ոլորտում, իհարկե, հնարավոր չէ, սակայն ճնշումներին չտրվելու համար կարևորագույն նշանակություն ունի, թե տվյալ անձն՝ ինչ խոցելի կողմեր ունի անձնական ու գործնական հատկանիշներով»,- ըստ մեր զրուցակցի՝ այս տեսանկյունից իշխանական թևի թեկնածուն լինում է ավելի խոցելի. «Լինելով՝ իշխող ուժի կողմից ներկայացված, տվյալ անձը ենթարկվում է ճնշումների, ինչպես իշխանության կողմից, եթե փորձի անկախ ու անաչառ քննադատել իշխանություններին և ի հայտ բերել պետական մարմինների ու ՏՒՄ-երի թերությունները, և միաժամանակ՝ ի սկզբանե, նա լինելով ընկալելի որպես իշխանության կողմից ներկայացված անձ, ունի նաև անվստահության մասնաբաժին հասարակության ու ընդդիմադիր ուժերի կողմից: Փաստորեն, որքան էլ հետագայում տվյալ թեկնածուն փորձի անկախ ու անկողմնակալ գործել, մեկ է, նա շարունակելու է ընդդիմության կողմից ընկալվել՝ որպես իշխանական մաս, իսկ իշխանության կողմից կլինեն ճնշումներ՝ որպես յուրային, ով փորձում է քննադատել սեփական թիմին»,- եզրափակեց Մակար Եղիազարյանը:
Մեզ հետ զրույցում ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը շեշտել էր, որ Մակար Եղիազարյանն այն թեկնածուն է, ով ճնշումների չի ենթարկվի ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմից. «Ինձ համար նույնքան անընդունելի է այն օմբուդսմենը, ով իշխանության կողմից ճնշումների կենթարկվի ու կդառնա իշխանության ենթարկվողը, նույնքան էլ ընդդիմության կողմից»,- ասել էր տիկին Զոհրաբյանը:
Վերլուծելով տիկին Զոհրաբյանի խոսքերը՝ Մակար Եղիազարյանը փոխանցեց. «Մինչ օրս իմ անցած ճանապարհով, կարող եմ ասել, որ հնարավորինս զերծ կլինեմ կողմնակալ վերաբերմունքից ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության նկատմամբ: Այստեղ ավելի շատ խնդիրն իշխանության նկատմամբ կողմնակալ չլինելն է, որովհետև այսպես թե այնպես, ՄԻ պաշտպանի գործառույթն է պաշտպանել մարդու իրավունքները պետական մարմինների և ՏԻՄ-երի կողմից թույլ տրվող խախտումներից, այլ ոչ թե հակառակը: Այս առումով, կարծում եմ՝ ունեմ բավարար անկախություն»,- նշեց մեր զրուցակիցը: