Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 3-ին հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնելով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի լիազորությունները: Նախագահին էլ դիմել Արդարադատության խորհուրդը, համապատասխան որոշման մեջ առաջարկվում է դադարեցնել դատավորի լիազորությունները՝ կապված պաշտոնական տարիքը լրանալու հետ:
Ստորև ներկայացնում ենք դատավորի կենսագրությունը.
Գագիկ Նահապետի Ավետիսյան
Ծնվել է 1951 թվականին Երևան քաղաքում։
1970 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը, որն ավարտել է 1976 թվականին։
1977 թվականից մինչև 1979 թվականն աշխատել է Երևանի Սպանդարյան շրջանի ժողդատարանում՝ որպես դատական կատարածու։
1979 թվականին փոխադրվել է աշխատելու ՀԽՍՀ Արդարադատության նախարարություն՝ որպես դատական մարմինների վարչության խորհրդատու, 1981 թվականից մինչև 1983 թվականը՝ նույն վարչությունում՝ որպես ավագ խորհրդատու։
1983 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Բաղրամյանի շրջանի ժողդատարանի դատավոր:
1991 թվականից մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիայի դատավոր։
1998 թվականից աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչությունում՝ որպես ավագ դատախազ։
2003 թվականից զբաղեցրել է ՀՀ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի պետի, 2007 թվականից՝ ՀՀ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական, վիճակագրության և վերլուծության վարչության պետի պաշտոնները։
2008 թվականից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Համատեղության կարգով աշխատել է Երևանի Հիդրոմելիորատիվ տեխնիկումում, Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Երևանի տնտեսաիրավագիտական ինստիտուտում, դասավանդել իրավունքի հիմունքներ, քրեական, քրեական դատավարության իրավունք առարկաները։
«Քրեական իրավունքի հիմունքներ» առարկան դասավանդել է դատաիրավական բարեփոխումների ծրագրով նախատեսված դատավորների և դատախազների համալրման կադրերի դասընթացներում, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում, դատավորների որակավորման դասընթացներում։
2011 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
2016 թվականի փետրվարի 3-ին նրա լիազորությունները դադարեցվել են: