Ինչպես գիտենք, յուրաքանչյուր հանցագործության համար օրենքով նախատեսված է համապատասխան պատիժ:
Հաճախ հոդվածի սանկցիան նախատեսում է ոչ թե կոնկրետ պատժաչափ, այլ սահմանում է պատժի նվազագույն և առավելագույն չափերը:
«Նման դեպքերում, դատարանը, որպես կանոն, պետք է պատիժ նշանակի սանկցիայում նշված պատժաչափի սահմաններում: Այս կանոնից, սակայն, կան բացառություններ: »,- հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Նրա խոսքով` հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ:
Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net