Կալանավորվածների և փաստաբանների շփման գործընթացը պարզեցվում է, իսկ հնարավորություններն` ընդլայնվում: Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց երեք նախագեր, որոնցով, նախ սահմանվում է, որ փաստաբանները կալանավորված անձանց կարող են այցելել նաև ոչ աշխատանքային օրերին:
Բացի այդ, նախատեսում են գործադրել մեխանիզմը, որով ձերբակալված և կալանավորված անձինք կկարողանան տեսակցել ոչ միայն իր պաշտպանի, այլև պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ:
Հաջորդ կարևոր քայլը վերաբերում է պաշտպանի կամ պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի՝ քրեակատարողական հիմնարկ առանց քննիչի ուղեկցության մուտք գործելուն, քանի որ այսուհետ վերջիններս քրեակատարողական հիմնարկ մուտք գործել կկարողանան քննիչի՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ուղղված հավաստագրի հիման վրա:
Նախագծերով առաջարկվող լուծումները հնարավորություն են տալիս ապահովել կալանավորված անձի՝ սեփական միջնորդության հիման վրա տեսակցությունը քրեական վարույթին չներգրաված փաստաբանի հետ, եթե դա կապված է, ասենք, քաղաքացիական, վարչական, աշխատնքային կամ ցանկացած այլ ոլորտում իրավաբանական օգնություն ստանալու անհրաժեշտության հետ:
Ըստ նախարարի` նախագծերի ընդունմամբ կլուծվեն նաև գործնականում առկա այն խնդիրները, որոնք խոչընդոտում են քրեական վարույթի բնականոն ընթացքը և սահմանափակում ազատությունից զրկված անձի սահմանադրական հիմնարար իրավունքը՝ միևնույն ժամանակ ապահովելով քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությունն ու քրեական գործի քննության ընթացքում հանրային շահի պաշտպանությունը:
Կառավարությունը հաստատեց այս նախագծերը: