Արդյո՞ք գլխավոր դատախազությունում կադրային փոփոխությունները կշարունակվեն

Ինչպես արդեն իսկ հայտնել ենք, այսօր ՀՀ նախագահի հրամանագրով գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել Գեորգի Կուտոյանը, ով մինչ այժմ ՀՀ նախագահի օգնականն էր:

Իրավաբան.net-ի այն հարցին, թե Գեորգի Կուտոյանի վերահսկողության տակ դատախազության ո՞ր ոլորտներն են լինելու, ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը պատասխանեց, որ դեռևս հայտնի չէ, քանի որ հենց այսօր է հրամանագիրը եղել և մեկ-երկու օր անց հայտնի կլինի:

Իսկ այն հարցին, թե մոտ ժամանակներս արդյո՞ք այլ կադրային փոփոխություններ կլինեն դատախազությունում, Ք. Մելքոնյանն ասաց, որ այս պահին նման տեղեկություններ չկան:

Նշենք, որ հատկապես վերջին շրջանում շրջանառվում են լուրեր այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանի դիրքերը թուլանում են: Թերևս դրա ապացույցներից մեկն էլ ՀՀ վարչապետի հունվարի 27-ի որոշումն է, որի համաձայն՝ Հայաստանում  մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի կազմում փոփոխություն կատարվեց և Հրաչյա Բադալյանին փոխարինեց գլխավոր դատախազի մյուս տեղակալ Էմիլ Բաբայանը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել