Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու բացահայտված խախտումները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից:
Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ Կոտայքում՝ Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում և Եղվարդում գործում է 4 ՍԾՏԳ, մարզում առկա է 9 հազար 912 նպաստառու: ՎՊ-ի կողմից ստուգումներն իրականացվել են 2014 թվականի հունվարի 1-ից 2015 թ.-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում: 9 հազար 912 նպաստառու ընտանիքների գործերից ՎՊ-ն ուսումնասիրել է 6 հազար 753-ը, հայտնաբերել 27 մլն 200 հազար դրամի 230 խախտում:
Անդրադառնալով Արագածոտնի մարզին՝ Իշխան Զաքարյանն ասել է, որ Աշտարակում, Ապարանում, Թալինում և Ծաղկահովիտում գործում են 4 ՍԾՏԳ-ներ, մարզում գրանցված է 7 հազար 769 նպաստառու ընտանիք: ՎՊ-ն ստուգումներ է իրականացրել 2014 թ.-ի հունվարի 1-ից 2015 թ.-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, ուսումնասիրվել է 5 հազար 492 նպաստառու ընտանիքի գործ, հայտնաբերվել՝ 78 մլն 500 հազար դրամի 341 խախտում:
Իշխան Զաքարյանը նշել է, որ մարզպետների կողմից ստացել է համապատասխան գրություն: Վերջիններս վստահեցրել են, որ հայտնաբերված խախտումների մեծ մասը շտկվել են, գումարները վերադարձվել պետական բյուջե, իսկ նպաստառուների ցուցակներում վերացվել են բոլոր անճշտությունները:
Այնուհետև մանրամասն անդրադարձ է կատարվել ներկայացված խախտումների դեպքերին, ներկայացվել են պարզաբանումներ, ինչպես նաև առաջարկություններ՝ դրանք հետագայում բացառելու համար:
«Ողջունում եմ Վերահսկիչ Պալատի նախագահի և խորհրդի՝ բոլոր մարզպետարանների սոցիալական ծառայություններում ստուգումներ իրականացնելու որոշումը: Կարծում եմ, որ մենք պետք է լուրջ որոշումներ կայացնենք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը մարզպետներին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ համապատասխան որոշում կայացնելու համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկել ՍԾՏԳ-ների գործունեությունն առավելագույնս թափանցիկ դարձնելու և խախտումները բացառելու նպատակով: