Ամուսինները մեղադրվում են որդեգրված երեխաներին մի քանի ամիս լոգարանում բանտարկելու համար

ԱՄՆ Քոնեկտիկուտ նահանգի բնակիչներ՝ 45-ամյա Ջորջ Բարնսը և նրա 47-ամյա կինը՝ Նենսին, մեղադրվում են իրենց որդեգրած երեխաներին որպես պատիժ 3 ամիս շարունակ լոգարանում բանտարկելու համար: Այս մասին հայտնում է Daily News-ը:

Հայտնի է, որ զույգը 5 որդեգրված երեխա ունի: 15-ամյա աղջիկը հայտնել է ոստիկանությանը, որ ինքը բաղնիքում փակված է եղել սեպտեմբերից մինչև դեկտեմբերը ընկած ժամանակահատվածում, և այդ ընթացքում նրան ստիպել են կանգնած դիրքով կարդալ: Նա նաև նշել է, որ իրեն թույլ են տվել Շնորհակալության օրը ընթրել ընտանիքի մյուս անդամների հետ հյուրասենյակում, սակայն նրան արգելված է եղել զրուցել որևէ մեկի հետ: Հայրն էլ հայտնել է, որ աղջիկը պատիժը ստացել պարբերաբար գողություն անելու, ծնողներին չլսելու և պատասխանելու համար: Իսկ կինը նշել է, որ նրանք լոգարանը ընտրել են որպես պատժի սենյակ, քանի որ տունը շատ փոքր է և այլ հարմար սենյակներ չկան: Մյուս երեխաներին թույլ են տվել գնալ դպրոց և ստիպված չեն եղել քնել լոգարանում, սակայն ծնողները երբեմն ստիպել են նրանց ճաշել այնտեղ:

Երեխաների և ընտանեկան հարցերով պետդեպարտամենտի պաշտոնյաները երեխաներին վերցրել են տանից: Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագով՝ մարդկանց նկատմամբ դաժան վերաբերմունք, անչափահասին վնասվածք հասցնելու վտանգ և երկրորդ աստիճանի անօրինական կալանք: Նրանք ազատ են արձակվել յուրաքանչյուրը 35,000 դոլար գրավի դիմաց։

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել