Այս գործողությունները պետք է բացառապես իրականացվեն օրենքի սահմաններում. փաստաբանը՝ ՃՈ-ի «ռեյդերի» մասին

Վարորդներին մգեցված դիմապակիների համար վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը ուղղված է նրան, որ քաղաքացիներն առավել զգույշ լինեն տրանսպորտային միջոցներ վարելու ընթացքում, որպեսզի վտանգ չսպառնան այլ անձանց: Իրավաբան.net-ին փոխանցեց վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Դավիթ Ասատրյանը:

«Այն դեպքերում, երբ պետությունը տեսնում է, որ թաղանթապատման արդյունքում առկա է ռիսկ, որ անձը կարող է վտանգ առաջացնել տրանսպորտային միջոցում առկա անձանց կամ էլ ճանապարհատրանսպորտային այլ մասնակիցների անվտանգությանը, նրանց կյանքին, ապա այս պարագայում, կարծում եմ, որ ՃՈ գործողություններն իրավաչափ նպատակ են հետապնդում՝ ինչպես կողային, այնպես էլ դիմացի ապակու հարցում»,- ասաց նա՝ հավելելով, որ հարկավոր է հաշվի առնել նաև վարչարարությունը, որը պետք է իրականացվի օրենքի և օրենսդրության սահմաններում, այսինքն՝ պետք է երաշխավորել վարորդների բոլոր իրավունքները՝ լսելու, փաստաբանի, անհրաժեշտության դեպքում նաև թարգմանիչ ունենալու իրավունքները: Այս գործառույթները դրված են վարչական մարմնի վրա: Այնպես որ, իրավաչափ նպատակ հետապնդող այս գործողությունները պետք բացառապես իրականացվեն օրենքի սահմաններում՝ երաշխավորելով մարդկանց իրավունքները:

Still1230_00001-copyՓաստաբանը նշեց, որ ՃՈ-ն համապատասխան սարքավորումներ ունի, միաժամանակ նա նկատեց. «Մեր հասարակական կազմակերպությունում՝ «Իրավունք գերակայությունում» ստացված դիմումները վարորդների կողմից վկայում են, որ որոշակի դեպքերում ՃՈ աշխատակիցն անձամբ է պոկում այդ թաղանթապատումները, մենք դա դիտարկում ենք ոչ իրավաչափ, թաղանթը պետք է պոկի միայն այդ մեքենայի վարորդը՝ անձամբ կամ 24 ժամ անցնելուց հետո ներկայացնի համապատասխան ապացույցներ, որոնց արդյունքում պատասխանատվության չի ենթարկվի»:

Եթե վարորդն այդուհանդերձ համաձայն չէ ՃՈ սարքերով արձանագրվածի հետ ու պնդում է իր համոզմունքը՝ ավելացնելով, որ ուշանում է աշխատանքից, ապա նման դեպքերում հարկավոր է ուշադրություն դարձնել հանրային շահին. «Աշխատանքից ուշանալու փաստը նույնպես կարևոր է, աշխատանքը անձի եկամտի աղբյուրն է, պետք է հարգել այդ իրավունքը, սակայն այստեղ կա նաև հանրային շահ, որը պետությունն իրականացնում է, այնպես որ ՃՈ-ն պարտավոր է իրականացնել բոլոր գործառույթնները, որպեսզի միանգամից պարզվի՝ առկա են բոլոր փաստերը, թե՝ ոչ: Այն հանգամանքը, որ անձը աշխատանքից ուշանում է, չի կարող ավելի բարձր իրավաչափ նպատակ հետապնդել, քան հանրային շահը, ըստ որի՝ վարորդները պետք է առավել անվտանգ տրանսպորտային միջոցներ վարեն»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ սա թույլ չի տալիս ՃՈ տեսուչին կամայական կերպով կանգնեցնել տրանսպորտային միջոցներ ու վարույթ իրականացնել:

Վարորդները բողոքարկման իրավունք ունեն, անձը կարող է վերադասությամբ բողոք ներկայացնել՝ նշելով այն փաստերը, որոնց հետ նա համաձայն չէ՝ խնդրելով իրականացնել կրկնակի փորձաքննություն, ինչպես նաև վարորդը կարող է դիմել դատական պաշտպանության:

Կարդացեք նաև՝

ՃՈ-ն այսօրվանից սկսում է «ռեյդերը»

Գ.Թ.

Իրավաբան.net

vcharovi

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել