Այսօրվանից` հունվարի 18-ից Ճանապարհային ոստիկանությունն սկսելու է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքերը հայտնաբերելու և վարչական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ միջոցառումների իրականացումը: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Հաշվի առնելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարների (հատկապես՝ վրաերթերի) զգալի մասի դեպքում դրանց առաջացմանը նպաստում են տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով), կրկին անգամ հորդորում ենք բոլոր վարորդներին իրենց տրանսպորտային միջոցների առջևի հողմապակու թաղանթն ապամոնտաժել (հեռացնել):
Տեղեկացնում ենք նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի (30.000 դրամի) չափով:
Կարևոր է իմանալ, որ ըստ վերջին օրենսդրական փոփոխությունների, վարորդին կարող է ժամանակ տրվել` վերացնելու իրավախախտումը, բայց մինչ այդ պետք է իմանալ, որ վարորդները կտուգանվեն անկախ թաղանթի չափից, այնպես որ` յուրաքանչյուր պարագայում թաղանթապատումը արգելվում է: Բացի այդ, վարորդներին հնարավորություն է տրվում նաև 24 ժամվա ընթացքում վերացնել իրավախախտումը, ՃՈ իրավաբանական բաժնի պետը վերջին ասուլիսի ժամանակ ասել է, որ այն դեպքերում, երբ վարորդը ՃՈ տեսուչի կանգնեցնելուց հետո կտեղեկանա, որ հնարավորություն ունի իրավախախտումը վերացնելու պարագայում ազատվել տուգանքից ու տեղում կպոկի թաղանթը, այդ դեպքում չի ենթարկվի պատասխանատվության, կամ էլ նա պետք է 24 ժամվա ընթացքում ներկայացնի վերացման ապացույցը, նույն կարգը կգործի նաև վարորդական վկայականը վարորդի մոտ չլինելու դեպքերում, վարորդին կտրվի ժամանակ կտրվի: