Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից ազատվելու վերաբերյալ Կարեն Անդրեասյանի դիմումը Ազգային Ժողովն արդեն ստացել է. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Հիշեցնում եմ, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը: Այս հիմքի առկայության դեպքում ՀՀ ԱԺ նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին»,- նշված է գրառման մեջ:
Ա. Բաբայանը հայտնել է նաև, որ Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:
Նշենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով` Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից առաջադրված թեկնածուներից: