Ֆեյսբուքյան Անդրե Մակարով օգտատերը սոցիալական ցանցում վիրավորել ու սպառնացել էր հրապարակախոս, քաղաքացիական ակտիվիստ Զառա Հովհաննիսյանին: Մինչ այս ոստիկանությունից տեղեկացել էինք, որ հունվարի 5-ին, ժամը 16-ին, 42-ամյա մի կնոջից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել, որ facebook.com սոցիալական ցանցում Andre Makarov տվյալներով հանդես եկած անհայտ օգտատերը հունվարի 4-ին իր անհատական էջին է ուղարկել հաղորդագրություններ, որոնք պարունակում են նրա և որդու կյանքին ու առողջությանն ուղղված սպառնալիքներ:
Այս օգտատերը քաղաքացուն սպառնացել էր` ասելով, որ կսպանի նրան իր երեխայի հետ:
Այսօր այս անձը իր ֆեյսբուքյան էջում ներողություն է խնդրել Զառա Հովհաննիսյանից, նա գրել է. «Ես, Անդրե Մակարով օգտատերս՝ Անդրանիկ Ավետիսյանս, հրապարակավ ներողություն եմ խնդրում Zara Hovhannisyan-ից, անձնական նամակով իր հասցեին իմ կողմից ուղղված անհիմն և անընդունելի գրառման համար, ինչպես նաև ներողություն եմ խնդրում Zara Hovhannisyan-ի ընկերների հասցեին անձնական նամակի միջոցով ուղղված ոչ կոռեկտ գրառումների համար: Խոստովանեմ՝ ինքս խախտել եմ էթիկայի կանոններ՝ անցնելով անձնականի սահմանը, ինչի հարցում չստացվեց նրբանկատ և քաղաքավարի լինել բոլորի հանդեպ: Էթիկայի կանոնների իմ կողմից խախտումը պայմանավորված է եղել էմոցիայով և զայրույթով, ինչի համար ներողություն եմ հայցում: Հայցում եմ բոլոր օգտատերերի ներողամտությունը, ում տհաճություն է պատճառել ընտրածս «բառապաշարը»:
Իրավաբան.net