ՀՀ Առողջապահության նախարարությունն առաջարկել է ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդները երկարաձգել: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի օգնական Տաթևիկ Գրիգորյանը: Նրա փոխանցմամբ` նման առաջարկ արվել` ելնելով այն հանգամանքից, որ վերջին օրերին Հայաստանում գրանցվում է գրիպի ակտիվացում:
Կրթության և գիտության նախարարությունն ընդունել է առաջարկը, քիչ առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, տեղեկացնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից։
Ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։
Ուսումնական ծրագրի ամբողջական յուրացման նպատակով մինչ ուսումնական տարվա ավարտը կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ։
Առողջություն եմ մաղթում բոլորին»։
Քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ մինչև հունվարի 18-ը երկարաձգվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների ձմեռային արձակուրդները: