Հայաստանում գրանցվում է գրիպի ակտիվացում. նախարարը հորդորով է հանդես եկել բնակչությանը

Արագ և օպերատիվ արձանքման աշխատանքային խումբը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ հերթական խորհրդակցությունն անցկացրեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Հանգամանալից անդրադարձ կատարվեց հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակին:

Աշխատանքային խմբի անդամներն ըստ ոլորտների նախարարին ներկայացրին կատարած աշխատանքների արդյունքները, ամփոփեցին ամենօրյա կտրվածքով ստացված տվյալները:

Նախարարն այցելեց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, ծանոթացավ բուժում ստացող երեխաների առողջական վիճակին: Այս պահին բաժանմունքում բուժվում է 20 երեխա, որից միայն 10-ի մոտ է առկա սուր շնչառական վարակ:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ այս պահի դրությամբ սուր շնչառական վարակներով հանրապետությունում գրանցվել է հոսպիտալացման 515 դեպք, որից 126-ը` թոքաբորբ:

Նախարարի խոսքով` ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական տարածաշրջանում է գրանցվում գրիպի ակտիվացում: Դեպքերի շուրջ 75 տոկոսը Ա տեսակի գրիպն, է որի գերակշռող մասը H1N1 ենթատեսակն է: 

«Ժամանակին դիմելու և ինքնաբուժմամբ չզբավելու դեպքում հիվանդությունն ընթանում է որպես սովորական շնչառական վարակ»,- պարազաբանեց Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով` բոլոր այն դեպքերը, որոնք դիմել են հիվանդանոցային ցանց ստացել են համապատասխան բուժում: Բժշկական կազմակերպություններում սահմանված է ամենօրյա հսկողություն և առողջապահական համակարգը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով:

Հաշվի առնելով, որ հանրապետությունում սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, ՀՀ առողջապահության նախարարությունը ձմեռային արձակուրդները երկարաձգելու առաջարկով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

«Բնակչությունը մեր հորդորն ընկալելու, բժշկին շուտ դիմելու և ինքնաբուժմամբ չզբաղվելու դեպքում կարող է ստանալ առավել արդյունավետ բժշկական օգնություն»,- ասաց նախարարը: Նրա տեղեկացմամբ` այս օրերին ծանրաբեռնված աշխատում է նաև շտապօգնության ծառայությունը, որը միայն Երևանում օրական կտրվածքով սպասարկում է շուրջ 900 կանչ:

Այնուհետև, նախարարը աշխատանքային խմբի անդամների հետ շարունակեց համայցերը բժշկական կազմակերպություններ: Ուշ դիմելիությամբ պայմանավորված բարդացած, ծանր դեպքերը քննարկելու նպատակով հրավիրվեց հերթական բժշկական կոնսիլիումը` առաջատար բոլոր մասնագետների ներգրավվածությամբ:

Նշենք, որ առողջապահական ցանցն ապահովված է անհրաժեշտ բոլոր դեղերով և բժշկական պարագաներով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել