Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն դատավորի թեկնածուներին է հանձնել դատական դպրոցի ավարտական վկայականները: Հանձնման արարողությանը մասնակցել են Արդարադատության խորհրդի անդամները, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներն ու դատական համակարգի այլ ներկայացուցիչներ:
«Թույլ տվեք Վճռաբեկ դատարանի այս գեղեցիկ դահլիճում ողջունել մեր այսօրվա հանդիսավոր միջոցառման բոլոր մասնակիցներին:
Ինչու ենք կարևորում այսօրվա միջոցառումը. Դա պայմանավորված է մի քանի հանգամանքով:
Բոլոր ներկաները քաջատեղյակ են, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումները և, մասնավորապես, անկախ և հաշվետու դատական իշխանության կայացման խնդիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի ամենօրյա ուշադրության և հոգատարության ներքո:
Դրա վառ ապացույցն է նաև վերջերս Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնած և Վճռաբեկ դատարանում անցկացված աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ արձանագրվեցին ինչպես դատական համակարգում դեռևս առկա թերությունները և բացթողումները, այնպես էլ վերջին տարիների ընթացքում կատարված դրական աշխատանքները և ձեռքբերումները: Հայաստանի Հանրապետության Նախագահն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ դատական համակարգի, մեջբերում եմ, ՙդրական ներքին ձեռքբերումները պետք է հասանելի դառնան մեր հասարակությանը՚:
Այսօրվա հանդիսավոր միջոցառումը նվիրված է, վերջին տարիների, մեր կարծիքով, եթե ոչ ամենակարևոր, ապա կարևորագույն ձեռքբերումներից մեկին.
Ինչպես հայտնի է, ՀՀ դատական օրենսգրքում կատարված օրենսդրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության բոլոր իրավաբանների համար ստեղծվեցին հավասար պայմաններ` յուրաքանչյուր իրավաբանի, որն իր անցած ուղիով և գիտելիքներով կապացուցի, որ կարող է դառնալ դատավոր, հնարավորություն ընձեռնվեց մասնակցել դատավորների թեկնածուների ցուցակի լրացման նպատակով անցկացվող որակավորման ստուգումներին՝ անկախ նրանից, թե որտեղ է նա աշխատում և ինչ պաշտոն է զբաղեցնում: Նախկինում գործող բոլոր տեսակի արտոնությունները և նախապատվությունները վերացվեցին:
Երկրորդը, օրենսդրական բարեփոխումները կարևոր էին նաև մասնագիտացման առումով: Ինչպես հայտնի է, արդեն իսկ իրականացված բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության դատական համակարգը գործում է երկու կարևորագույն` ֆունկցիոնալ տարանջատման և մասնագիտացման, սկզբունքների հիման վրա: Դատական համակարգում մասնագիտացված են ոչ միայն դատական ատյանները, այլ նաև բոլոր դատավորները: Նշված մասնագիտացման սկզբունքը ներդրվեց նաև դատավորների թեկնածուների ընտրության հարցում:
Այսօր մենք կարող ենք արձանագրել այդ գործընթացի ավարտը, որի արդյունքում ունենք դատական համակարգի երեք մասնագիտացմանը համապատասխան` քաղաքացիական, քրեական և վարչական, 12 (համաձայնվեք, որ թիվն էլ հատկանշական) դատավորների թեկնածու:
Մեր խորին համոզմամբ, յուրաքանչյուր համակարգի հեղինակությունը և ուժն առաջին հերթին պայմանավորված է նրա կադրերով, նրանք են համակարգի դեմքն ու ապագան: Դատական դպրոցի այսօրվա շրջանավարտները շատ շուտով մեր համակարգի մասն են կազմելու: Բոլորիս երազանքն է ունենալ արդար և արդյունավետ, անկախ և հանրության առջև հաշվետու դատական իշխանություն: Վստահ եմ, որ նրանք ուժ, եռանդ և գիտելիք չենք խնայի այդ երազանքն իրականություն դարձնելու համար:
Թույլ տվեք բոլորիս անունից մեկ անգամ ևս շնորհավորել դատավորների թեկնածուներին դատական դպրոցը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և մաղթել նրանց դատավորի պատասխանատու առաքելությունն իրականացնելիս նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ» – դատավորի թեկնածուներին ուղղված շնորհավորական խոսքում նշել է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը՝ տեղեկացնում է Հայաստանի դատական համակարգի պաշտոնական կայքը:
Լուսանակարը՝ armenpress
Աղբյուրը՝ Իրավաբան.net