Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել են նաև քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել առաջին նիստի հանձնարարականների կատարման արդյունքները: Զեկուցվել է, որ այս ընթացքում կառավարության կողմից հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը, հավանության է արժանացել «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համաձայնագիրը, որը շուտով կստորագրվի և կյանքի կկոչվի: Քայլեր են իրականացվում նաև արդյունահանող ճյուղերի թափանցիկ նախաձեռնությանը միանալու գործընթացների, բիզնես հանրության հետ համագործակցության հարթակ ստեղծելու և այլ ուղղություններով: Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարությունն արդեն տվել է իր համաձայնությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ վերը նշված համաձայնագրին՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմին շարունակել արդյունավետ համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և համաձայնագիրը ստորագրել 2016 թվականի սկզբին՝ սկսելով փորձագիտական հանձնախմբի ձևավորման գործընթացը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրի կայքում:
Նշենք, որ Իրավաբան.net-ը ցանկանում էր լուսաբանել այս նիստը, սակայն ի տարբերություն նախորդ նիստին, այս մեկի ժամանակ լրագորղների մուտքը արգելված էր: