Պրոբացիոն ծառայության մասին օրենսդրական փաթեթների պատրաստման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Նա նշեց, որ իրավական ակտերը ենթարկվել են միջազգային փորձաքննության` ԵԽ փորձագետների կողմից, երկրորդ կարծիքը երեկ է ներկայացվել:
«Մենք մեկ միասնական օրենք էինք պատրաստել, առաջարկության հիման վրա, այդ օրենքը բաժանել ենք երկու մասի` Պրոբացիայի մասին և Պրոբացիայի պետական ծառայության մասին, որ մեխանիզմը հստակ Պրոբացիայի մասին օրենքը կարգավորի, իսկ աշխատողներին վարձելու, ատեստավորելու, խրախուսելու հետ կապված, կարգավորի մյուս օրենքը»,- փոխանցեց պարոն Քրմոյանը:
Նա նաև ասաց, որ նախատեսվում է մոտակա օրերին իրավական ակտերը ներկայացնել շահագրգիռ կողմերին, որպեսզի մինչև տարվա վերջ կարողանան փաթեթը ներկայացնել ընդունող մարմիններին: