2015 թ. դեկտեմբերի 1-ից Երևան քաղաքում նախատեսված հավաքների անցկացման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել.
1/ Հավաքների մասնակիցների և այլ անձանց անվտանգության ապահովման նպատակով առաջիկա օրերին ՀՀ ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի վերաբերելի բոլոր պահանջներին համապատասխան:
2/ ՀՀ ոստիկանությունը շարունակում է պարբերաբար ստանալ, մշակել և վերլուծել հավաքների անցկացման ընթացքում որոշակի անձանց կողմից սադրիչ կամ անօրինական գործողություններ կատարելու հավանականության մասին տեղեկություններ, ինչպես նաև ձեռնարկում է այդպիսի գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված անհրաժեշտ օպերատիվ միջոցներ:
3/ Հանրային անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանության նկատառումներից ելնելով, ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքների կազմակերպիչներին՝ խստորեն պահպանել ի գիտություն ընդունված իրազեկումների պայմանները, բարեխղճորեն կատարել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները, հարգել այլոց սահմանադրական իրավունքները, ազատությունները և իրավաչափ շահերը:
4/ ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքների կազմակերպիչներին, կարգադրիչներին և մասնակիցներին՝ աևհրաժեշտության դեպքում համագործակցել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ, մասնավորապես, նրանց անմիջապես հայտնել իրենց կողմից նկատված ցանկացած կասկածելի երևույթի կամ վարքագծի վերաբերյալ:
5/ ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և վերաբերելի այլ իրավական ակտերի պահանջների խախտման, ինչպես նաև սադրիչ կամ անօրինական գործողությունների կատարման փաստեր արձանագրելու դեպքում կիրառելու է հանրային միջոցառումների մասնակիցների և այլոց անվտանգության ապահովմանն ուղղված ու առկա իրավիճակից թելադրվող անհրաժեշտ, համաչափ և հասանելի ցանկացած միջոց:
6/ ՀՀ ոստիկանությունը հայտնում է նաև, որ հարկադրանքի կիրառման անխուսափելի անհրաժեշտության դեպքում առաջնահերթությունը տրվելու է կանխարգելող և խափանող անհատական միջոցներին, ներառյալ՝ սակայն չսահմանափակվելով հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը կոպտորեն խախտող անձանց հավաքի անցկացման վայրից անհապաղ հեռացնելով, ի գիտություն ընդունված իրազեկումների պայմաններից շեղվող առարկաների կամ տեխնիկական միջոցների օգտագործումն արգելելով և այլն:
7/ ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է լրացուցիչ պարզաբանումներ տալ հավաքների կազմակերպիչներին՝ ի գիտություն ընդունված իրազեկումների պայմանների պահպանման կապակցությամբ:
8/ ՀՀ ոստիկանությունն ապահովելու է յուրաքանչյուր անձի կողմից իր պահանջները բարձրաձայնելու, հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու պատշաճ հնարավորությունը և լիահույս է, որ հանրային միջոցառումների անցկացմամբ հետապնդվում են միայն իրավաչափ նպատակներ, իսկ դրանց հասնելու համար գործածվելու են բացառապես օրինական միջոցներ ու եղանակներ: