76-ամյա տղամարդ է սպանվել. կինը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նոյեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ 76-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ և ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի կինը։ Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդում են ՔԿ-ից:

Ըստ աղբյուրի՝ 2015թ. նոյեմբերի 29-ին` ժամը 15:30-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում Բարաբաթում բանավանում տղամարդ է սպանվել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի գլխավորությամբ և  հայտնաբերել Կապանի 76-ամյա  Ռ.Հակոբյանի դին՝ գլխի շրջանում ներհրված, ջնջխված վնասվածքներով,  իր տան բազմոցին պառկած։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Դեպքի վարի զննությամբ տուժողի կնոջ մահճակալի տակից հայտնաբերվել է կացին և մուրճ՝ արնանման հետքերով: Նմանատիպ հետքեր են հայտնաբերվել նաև  կնոջ հողաթափերի վրա: Սպանության կասկածանքով նույն  օրը ձերբակալվել է տուժողի 64-ամյա կինը։ Քննությամբ պարզվել է, որ վերջինս 1976 թվականից հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել