Արդարացման դատավճիռ. մեղադրողը դատական վիճաբանությունների փուլում հրաժարվել է մեղադրանքից

Անչափահաս Կարենին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դպրոցում, համադասարանցի Գեղամի հետ միմյանց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների առիթով, նույն օրը ժամը 14.30-ի սահմաններում հիշյալ դպրոցի բակում վիճաբանել է Գեղամի և վերջինիս ընկերների հետ, որի ընթացքում նախապես իր հետ տանից վերցրած դանակով 1 անգամ հարվածել է նրանցից մեկին` աշակերտին պատճառել առողջության ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող: Մեղադրական ուղղվածությամբ եզրակացությունը մուտքագրվել է դատարան:

Գործը քննվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Դատական վիճաբանությունների փուլում հետաքրքիր զարգացումներ են եղել: Չնայած որ ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, սակայն մեղադրող Ա.Աղայանը հայտնել է, որ դատաքննության ընթացքում հարցաքննվեցին տուժող, վկաներ, ամբաստանյալը, հետազոտվեցին քրեական գործում առկա մյուս ապացույցները և ի հայտ եկան նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին նախաքննության ընթացքում։ Մասնավորապես՝ ըստ տուժողի, վկաների և ամբաստանյալի դատաքննության ընթացքում տված ցուցմունքների համեմատական վերլուծության հիման վրա պետք է փաստել, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում նրա կողմից կատարած արարքին, այսինքն` վերջինս գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, որը ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է իրավաչափ գործողություն։

Ամբաստանյալի գործողությունները դիտարկվել են` որպես անհրաժեշտ պաշտպանություն: Այսպես` դատավճռում կարդում ենք, որ ամբաստանյալի և տուժողի ու վերջինիս ընկերների միջև առաջացած վիճաբանության ընթացքում տուժողը ձեռքով հարվածել, վայր է գցել ամբաստանյալին և ընկած վիճակում ընկերների հետ շարունակել է ձեռքերով և ոտքերով հարվածել նրան: Ամբաստանյալը, կարողանալով ոտքի կանգնել, դիմել է փախուստի, սակայն տուժողը և նրա ընկերները հետապնդել են ամբաստանյալին, ով ուժասպառ է եղել և կանգ առել դպրոցի բակում։ Տուժողը, հասնելով ամբաստանյալին, կրկին ոտքով և ձեռքով հարվածել է նրան, որից հետո Կարենը, գրպանից հանելով իր մոտ պահվող դանակը, հարվածել է տուժողի որովայնին` նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Այնպես որ, ըստ դատավճռի` ամբաստանյալի նկատմամբ իրականացված ոտնձգությունը եղել է հանրորեն վտանգավոր, առկա և իրական: Ամբաստանյալի գործողություններն ուղղված են եղել իր շահերի պաշտպանությանը:

Դատավոր Դավիթ Հարությունյանը, հաշվի առնելով դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի` մեղադրանքից հրաժարվելու հանգամանքը, մեղադրանքի այդ մասով կայացրել է արդարացնող դատավճիռ:

Այնպես որ դատարանը վճռել է Կարենին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչել անպարտ և արդարացնել` վնաս պատճառած արարքն իրավաչափ համարվելու հիմքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված` ծնողի հսկողությանը հանձնելը, վերացնել:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել