Սպանել է իրեն օգնել ցանկացող հարևանին մեկ բառի համար

26-ամյա Արթուրին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. նոյեմբերի 6-ին իր տանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն «եզո» անվանելու հարցի շուրջ վիճաբանել է իր հարևանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնի ձախ շրջանին ու սպանել է նրան:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Արթուրն իրեն մեղավոր չի ճանաչեց և պատմել է, որ սպանվածի հետ գտնվել է ջերմ փոխհարաբերությունների մեջ։ 2014 թվականի աշնանն իր տանն սկսել է վերանորոգում կատարել և նշված աշխատանքներում իրեն օգնել են հարևանն ու մորեղբայրը, որոնք գրեթե ամեն օր եկել են իրենց տուն։

2014թ. նոյեմբերի 6-ին մորեղբոր հետ երեկոյան սեղանի շուրջ հաց են կերել ու օղի խմել, եկել է հարևանը և միացել է իրենց։ Երեքով խմել են մոտ երեք շիշ օղի։ Մորեղբայրը նստած է եղել բազկաթոռին, իսկ ինքն ու հարևանը` մահճակալի վրա։ Մի քանի ժամ սեղանի շուրջ նստելուց հետո հարևանը առաջարկել է շարունակել վերանորոգման աշխատանքները, սակայն ինքը պատասխանել է, որ շատ են խմել և չեն կարող աշխատել։ Այդ ժամանակ հարևանը որոշել է գնալ տուն և բարձրացել է տեղից, սակայն վայր է ընկել։ Ինքը փորձել է օգնել նրան, սակայն հարևանն անսպասելիորեն բռնել է իր կոկորդից և սկսել է խեղդել։ Հասկանալով, որ չի կարողանում ազատվել և շնչահեղձ է լինում, ստիպված իր ձեռքը մեկնել է մահճակալի վրա դրված գործիքների կողմը և ձեռքի տակ ընկած պատահական իրով հարվածել նրա որովայնի հատվածին։

Ամբաստանյալը նշել է, որ հարևանին սպանելու դիտավորություն չի ունեցել, իր գործողությունները կրել են ինքնապաշտպանության բնույթ, իսկ նախաքննության ժամանակ խոստովանական ցուցմունքները տվել է ոստիկանության աշխատակիցների խոշտանգումների ազդեցության տակ։

Իսկ ամբաստանյալի մորեղբայրը պատմել է, որ հարևանը Արթուրին առաջարկել է շարունակել աշխատանքները, սակայն Արթուրը պատասխանել է, որ խմած են և չեն կարող աշխատել։ Մի քանի անգամ իր առաջարկությունը կրկնելուց հետո նա Արթուրին անվանել է «եզո», ինչի կապակցությամբ նրանց միջև վիճաբանություն և քաշքշուկ է առաջացել, դա տևել է մոտ 5 րոպե։ Սկզբում ինքը մտածել է, թե նրանք կատակում եմ, սակայն երբ լսել է Արթուրի ձայնը. «բաց թող կոկորդս», հասկացել է, որ չեն կատակում և որոշել է միջամտել և բաժանել վիճաբանողներին։ Երբ մոտեցել է նրանց, Արթուրն ասել է, որ դանակով հարվածել է հարևանին։

Դատարանը` նախագահությամբ դատավոր Ա. Ազարյանի, գտել է, որ ամբաստանյալի մեղքը հիմնավորվում է։

Դատավճռով Արթուրը դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Տուժողի իրավահաջորդը ներկայացրել է ընդհանուրը 880.000 դրամի քաղաքացիական հայց, սակայն այն բավարարվել է մասնակիորեն. հօգուտ իրավահաջորդի բռնագանձվել է 700.000  դրամ գումար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել