73 իրավաբան փաստաբանի արտոնագիր ստացավ

ՀՀ փաստաբանական դպրոցի 73 շրջանավարտներ, որոնք հաղթահարել էին որակավորման քննությունները, այսօր՝ նոյեմբերի 28-ին, ստացել են փաստաբանական գործունեության արտոնագրեր: Այս մասին հայտնում են ՀՀ Փաստաբանների պալատից:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի հանդիսավոր նիստում շրջանավարտները երդվեցին ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը շնորհավորելով նոր արտոնագիր ստացած փաստաբաններին՝ խորհուրդ է տվել հեռու մնալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործընթացներից: Արա Զոհրաբյանն իր խոսքում նշել է. ՙՓաստաբանի աշխատանքը չի սկսվում և ավարտվում վստահորդի հանձնարարությունների կատարմամբ: Պետք է հիշել, որ փաստաբանը հասարակության մեջ հատուկ դեր է ստանձնում։ Մենք այսօր առավել հզորացանք Ձեր անդամակցությամբ՚:

ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը նույնպես շնորհավորել է արտոնագիր ստանալու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր գործունեություն և հորդորել, որ դպրոցի շրջանավարտները փաստաբանական գործունեություն ծավալելիս չկորցնեն կապը Փաստաբանական դպրոցի հետ:

Իսկ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ իր գործընկերներին կոչ է արել վստահորդի հետ ճիշտ հարաբերություններ կառուցել, իսկ վեճերի դեպքում դրանք լուծել արտադատական կարգով:

Ելույթով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ Սեդրակ Ասատրյանը, ներկայացնելով իր խորհուրդները փաստաբանի դժվարին աշխատանքում։

Երդման արարողությանը ներկա էր և ելույթ ունեցավ նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Տիկին Փոստանջյանը տեղեկացրեց, որ 16 տարի առաջ, ինքը նույնպես համալրել է փաստաբանների շարքերը։ Ըստ Փոստանջյանի՝ «2006թ. երբ իմ դիմաց բացարձակ պատ էր ու կանգնած էի բիրտ ուժի դիմացսակայն ցմահ ազատազրկման դատավճիռը բեկանվեց, և իմ պաշտպանյալներն ազատ արձակվեցին, իսկ այսօր նրանցից մեկը՝ Արայիկ Զալյանը համալրում է ազատամիտների այս համայնքը»։

Ելույթների շարքը եզրափակեցին փաստաբանական դպրոցի չորս շրջանավարտներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել