Աշխատանքի ընդունելու պատրվակով սեռական բռնություն է կիրառել Անահիտի նկատմամբ

25-ամյա Տիգրանը, ըստ դատավճռի, իր սեռական կրքերին հագուրդ է տվել խաթարված ձևով:

Նա աշխատանքի տեղավորելու պատրվակով ծանոթացել է Անահիտի հետ, որից հետո Երևանի մետրոյի Երիտասարդական կայարանի մոտ հանդիպել է նրան, իր ավտոմեքենայով միասին գնացել են Երևան քաղաքի Հաղթանակ զբոսայգու ծառախիտ հատված, որտեղ ավտոմեքենայից դուրս են եկել և աղջկա կամքին հակառակ գրկել և համբուրել է նրան: Այնուհետև կրկին նստել են ավտոմեքենայի մեջ, որտեղ Անահիտին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն վերջինիցս մերժում ստանալուց հետո դեմքի շրջանում ապտակներ հասցնելով` նրա նկատմամբ բռնություն է գործադրել: Այնուհետև աղջկա կամքին հակառակ նրա հագից հանել է կոշիկներն ու տաբատը և սեռական բռնություն կիրառել, որից հետո աղջկան պահանջել է հագնվել և դուրս գալ մեքենայից ու հեռացել է՝ աղջկան թողնելով զբոսայգում:

Դատարանը պարզել է, որ Տիգրանը համացանցի List.am կայքի միջոցով, Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասում գործող խանութում որպես մենեջեր աշխատանքի տեղավորելու պատրվակով ծանոթացել է Անահիտի հետ:

Տիգրանը դատարանում ասել է, որ Անահիտը տեղյակ է եղել, թե իրենք ուր են գնում և ինչի համար, մասնավորապես վերջինս տեղյակ է եղել, որ գնում են զբոսայգում ժամանակ անցկացնելու, նա պնդել է, որ աղջիկը դեմ չի եղել զբոսայգի գնալու գաղափարին և համբուրվելիս դիմադրություն ցույց չի տվել, այնուհետև, միասին որոշել են նստել մեքենան և ավտոմեքենայի սրահի հետնամասում սկսել են համբուրվել, գրկախառնվել: Ինքը Անահիտի պահվածքից հասկացել է, որ այդ ամենը նա ցանկանում է: Այդ ընթացքում Անահիտը հանել է տաբատը, իսկ ինքն` իր հագուստները: Դրանից հետո Անահիտին սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է կատարել, սակայն վերջինս մերժել է իրեն, քանի որ մեքենայում բարենպաստ պայմաններ չեն եղել:

Անահիտն էլ պատմել է, թե Հաղթանակ զբոսայգու հետնամասում Տիգրանը կանգնեցրել է ավտոմեքենան, ինքը իջել է մեքենայից և հենց այդ ժամանակ նա բռնել է իր ձեռքից, հենել մեքենային, պահանջել մաքրել շրթներկը, որ իրեն համբուրի, ինքը մերժել է Տիգրանին և հետ հրել, սակայն վերջինս դրանից զայրացել է ու մի քանի անգամ ապտակել իրեն: Դրանից հետո Տիգրանը պահանջել է, որ ինքը նստի ավտոմեքենայի ետևի նստատեղին: Քանի որ այնտեղ այլ մարդիկ չեն եղել, իսկ տեղանքն իր համար անծանոթ է եղել, չի կարողացել փախչել կամ որևէ մեկից օգնություն խնդրել, ուստի ստիպված նստել է ավտոմեքենայի ետևի նստատեղին, իսկ Տիգրանը նստել է իր կողքին և փակել է մեքենայի դուռը: Նա պահանջել է իրեն հանել տաբատը: Ինքը հրաժարվել է կատարել նրա պահանջը, որի հետևանքով վերջինս նորից սկսել է ապտակներ հասցնել իրեն: Տիգրանը պահանջել է, որ սեռական հարաբերություն ունենա իր հետ, սակայն ինքը մերժել է նրան: Նա արձակել է իր տաբատի գոտին և ստիպել է սեռական գործողություններ կատարել, Անահիտը մերժել է , որից հետո Տիգրանը սկսել է հայհոյանքներ տալ իրեն, Տիգրանն ասել է, որ եթե չի ցանկանում սեռական հարաբերություն ունենալ իր հետ, ապա պետք է որևէ այլ կերպ հանգստացնի նրան, սակայն ինքը մերժել է նրա բոլոր առաջարկները:

Դատաբժշկական փորձաքննությամբ հիմնավորվել է, որ Անահիտը ստացել է մարմնական վնասվածքներ:

Դատարանը վճռել է ամբաստանյալին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով:

Ամբաստանյալի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել