Այսօր կառավարության նիստին քննարկման դրվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագիծը:
Կառավարության անդամներին եզրակացությունը ներկայացրեց Արդարադատության նախարար Արփինե Հովաննիսյանը: Նա ասաց, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը և Թևան Պողոսյանը առաջարկում են կրկնակի չափով կրճատել գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում տեղ գտած` առավել հաճախ հանդիպող և նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային իրավախախտումների համար նախատեսված տուգանքները:
Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերին տրված հանձնարարականները, ինչպես նաև տեղեկացրեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ. «Այդ աշխատանքային խումբը մշակում է օրենսդրական փաթեթ, որը Ազգային ժողովին կներկայացվի մինչ այս տարվա վերջ»,- ասաց նախարարը: