42-ամյա Հովսեփ Սարգսյանն ամբաստանյալի աթոռին է հայտնվել հարևանի 6-ամյա թոռնուհուն առևանգելու և նրան սպանելու համար: Այս գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության, ամբաստանյալն ունի «մտավոր թերնորմալություն» հոգեկան հիվանդությ ուն: Նա իբրև երազում տեսնել է, որ իր հարևան Էդվարդ Մելիքյանի 6-ամյա թոռնուհին քարով հարվածել է իր շանը, 2013 թ-ի հոկտեմբերին երեկոյան երեխային «դաստիարակելու» նպատակով, բռնություն գործադրելով՝ ձեռքից քաշելով իրենց գյուղի մանկապարտեզի խաղահրապարակից առևանգել է նրան, տարել մանկապարտեզին հարակից հիվանդանոցի նկուղ և շուրջ 5-10 րոպե պահել այդ նկուղում: Այս դրվագով մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 131հ. 2-րդ մասի 4-րդ կետով:
Երեխային անհանգստացնելու համար հայրը դիմել է ոստիկանության Մեծամորի բաժին՝ Հովսեփին հոգեբուժական հիվանդանոց հետազոտման ուղարկելու համար: Դրա համար էլ Հովսեփի վրեժի շարժառիթով 2014թ-ի սեպտեմբերին խաղողի այգում, աղջնակի պապին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած ռետինե խողովակը նրա պարանոցին փաթաթելու և սեղմելու եղանակով փորձել է սպանել նրան, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: Մոտակայքում գտնվող համագյուղացի Վաղարշակ Դանիելյանը լսելով վիճաբանության և գոռգոռոցի ձայները, մոտեցել և թույլ չի տվել Հովսեփ Սարգսյանին ավարտին հասցնել հանցագործությունը: Այս դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104հ. 1-ին մասով:
Իսկ այս տարվա ապրիլի 28-ին Հովսեփը նույն շարժառիթով Էդվարդ Մելիքյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իբրև նրա հետ հաշտվելու և հյուրասիրելու պատրվակով դաշտում հանդիպելու մասին նրա հետ նախապես պայմանավորվելով` վերջինիս հետ հանդիպել է նրա Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի վարչական տարածքում գտնվող խաղողի այգու մոտակայքում սալորենու մոտ, որտեղ Է.Մելիքյանին հյուրասիրել է նախապես իր հետ վերցրած ուտելիքներն ու օղին: Այնուհետև նրան հասցնելով ալկոհոլային հարբածության վիճակի և դրանով զրկելով դիմադրելու հնարավորությունից, պարանոցին`վահանաճառի շրջանում բութ առարկայով սեղմելու եղանակով մեխանիկական շնչահեղձությամբ սպանել է նրան: Այս դրվագով մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 104հոդվածի 1-ին մասով:
Ամբաստնյալը կալանավորված է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: