16-ամյա պատանուն՝ 18-ամյա երիտասարդին դանակահարելու համար մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 16-ամյա տղայի կողմից 18-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի հունիսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, իրենց շենքի բակում հարևանների վիճաբանությունը սաստել է 16-ամյա պատանին՝ պահանջելով ցածր խոսել: Նրա պահանջը դուր չի եկել հարևանին, որի համար վերջինս 16-ամյա պատանուն կանչել է 2-րդ հարկի հարթակ: Հանդիպման ընթացքում կողմերը պարզաբանել են իրավիճակը և հարթել այն, սակայն խոսակցությանը միջամտել է երրորդ անձը՝ 18-ամյա մի երիտասարդ։ Վերջինիս և 16-ամյա պատանու միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ, նախաքննության տվյալներով, վերջինս խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է 18-ամյա երիտասարդի որովայնի շրջանին՝ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքի ձևով նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 16-ամյա պատանուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել