Նոյեմբերի 23-ին, ՀՀ Ազգային ժողովում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
«Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստացվել են տարբեր առաջարկություններ, որոնք հաշվի առնելով` նախագիծն առաջին ընթերցումից հետո վերախմբագրվել է: Մասնավորապես, արմատական փոփոխություն է կատարվել երկու հոդվածներում. այսուհետ երեխայի խնամքի նպաստ կնշանակվի և կվճարվի, եթե ծնողն ու երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեում, այսինքն հանվել է նույն վայրում հաշվառված լինելու պահանջը: Միաժամանակ, նախագծից հանվել է այն դրույթը, համաձայն որի` բնակության տարբեր վայրերում հաշվառվելը նպաստի իրավունքը դադարեցնելու հիմք էր»,- նշել է Արտեմ Ասատրյանը:
Այս տեսանկյունից խմբագրվել է օրենքի` նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստին վերաբերող դրույթները` երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Այս դեպքում ևս վերացվել է նոր ծնված երեխայի և նպաստ նշանակելու համար դիմած ծնողի` ՀՀ բնակության միևնույն վայրում հաշվառված լինելու պահանջը: