ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արարատի մարզում գազալցակայանի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Նախնական քննության տվյալներով՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 04-ի սահմաններում, դիմակավորված անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել Արարատի մարզի Գետափնյա գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի աշխատասենյակ և զենքի գործադրմամբ, գազալցակայանի աշխատակից Ա.Գամեյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել զգալի չափերի գումար, որից հետո դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: