Դատախազությունը «հարձակում» էր գործել դատարանի վրա. պնդում են փաստաբանները

«Այս գործը ոչ թե ինչ-որ մի ակնարկ է մի համակարգից՝ մյուսին, սա պարզապես հարձակում էր անկախ դատական համակարգի վրա»,- խոսելով դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի և հիմնարկի 12 աշխատակիցների գործի մասին՝ նշեց նույն գործով ամբաստանյալ Գեղամ Գրիգորյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք՝ ինչպես առաջին ատյանի դատարանում այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը պնդում էր, որ հարուցված քրեական գործը շոու էր, որը նախատեսվել էր Գլխավոր դատախազի ներկայիս տեղակալ Հրաչյա Բադալյանի կողմից և ուղղված էր նաև Վճռաբեկ դատարանի նախագահի՝ Արման Մկրտումյանի դեմ, մասնավորապես ամբաստանյալը համոզմունք էր հայտնում, որ նախաքննության փուլում քննիչը Հրաչյա Բադալյանի հանձնարարականով փորձել է իրենից ցուցմունք վերցնել Արման Մկրտումյանի դեմ:

«Եթե իրականության են համապատասխանում այն խոսքերը, որ քննիչն առաջարկում է ցուցմունք տալ Վճռաբեկ դատարանի դեմ, ապա խնդիրն այլ է: Եթե հարձակման թիրախ է դառնում Վճռաբեկ դատարանի նախագահը, բնականաբար մնացած բոլոր դատավորները շատ ավելի հեշտ խոցելի են, այս հայտարարության շուրջ պետք է գործ հարուցվեր ու քննություն իրականացվեր»,- ասաց պարոն Աթանեսյանը:

Ինչո՞ւ ի վերջո որևէ մեկը լրջությամբ չի զբաղվում այս գործով, փաստաբանը պատասխանում է. «Սա արդեն կասկածի տեղիք է տալիս, նախաձեռնողը պետք է լինի դատախազությունը, հայտարարությունը այդ համակարգի ղեկավարներից մեկին է վերաբերում, և եթե նրանք չեն նախաձեռնում դա, հետևաբար նման անգործությամբ անուղղակիորեն ցույց են տալիս, որ Միսակ Մարտիրոսյանը ճիշտ է ասում»,- ասաց փաստաբանը:

Դատելով առաջին ատյանի դատավճռից՝ նա վստահեցրեց, որ դատական իշխանությունը տեղի է տվել և ճնշումները իրենց դերը խաղացել են:

Միսակ Մարտիրոսյանի փաստաբաններից Վարդան Զուռնաչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատախազությունը խուսափողական դիրքորոշում է որդեգրել. «Անընդհատ, նույն ձևի ու տիպի դիմում-բողոքներ է Միսակ Մարտիրոսյանը գրել գլխավոր դատախազի անունով, իսկ վերջինս դրանք ուղարկել է նույն Բադալյանին, որ պատասխանի»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը գտնում է, որ ողջ կատարվածը ուռճացվել է. «Հսկայական աղմուկ բարձրացվեց, բայց հետո էլ պարզվեց, որ դրա կարիքը չկար, եղել էին ինչ-որ բաներ, որոնք պետք է լուծում ստանային սովորական ընթացակարգով: Այնպես որ այս ամենից որոշակի ճնշման էլեմենտներ ես նկատում եմ»:

Նա նաև կարծում է, որ դատական իշխանությունը զիջեց դիրքերը, սակայն ոչ ամբողջությամբ. «Որոշակի առումով տեղի տվեց, որովհետև մինչև վերջ չգնաց առաջին ատյանի դատարանը»,- եզրափակեց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել